Թրամփը դարձել Է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահը, որին երկու անգամ իմպիչմենտ են հայտարարել

14-01-2021 10:55

Դեմոկրատների կողմից վերահսկվող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել պետության գործող ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփի իմպիչմենտի մասին բանաձևը. փաստաթղթում մեղադրանքի հոդվածն ընդամենը մեկն է՝ խռովության հրահրումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դրա հաստատումից հետո Թրամփը դարձել է երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որը երկու անգամ ենթարկվել է իմփիչմենտի: Հանրապետականին պաշտոնից հեռացնելու առաջին փորձը դեմոկրատները ձեռնարկել են 2019 թվականին: Ներկայացուցիչների պալատն այն ժամանակ քվեարկել էր իմփիչմենտի օգտին, սակայն հանրապետականների կողմից վերահսկվող Սենատը 2020 թվականի սկզբին պետության ղեկավարին մեղադրանքի երկու հոդվածով արդարացրել էր, որոնք մինչ այդ հաստատվել էին կոնգրեսականների կողմից: Այս անգամ իմպիչմենտի ընթացակարգը նախաձեռնվել է այն հայտարարությունների պատճառով, որոնք Թրամփը հունվարի 6-ին թույլ է տվել Կոնգրեսի մոտ անկարգությունների օրը, երբ ելույթ էր ունենում կողմնակիցների առջև: Դեմոկրատների կարծիքով՝ հենց Սպիտակ տան ղեկավարի ելույթից հետո ամբոխը շարժվեց դեպի Կապիտոլիում և սկսեց գրոհը, որպեսզի խոչընդոտի նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը, որտեղ հաղթանակ տարավ Ջոզեֆ Բայդենը: ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում պետության ղեկավարի իմպիչմենտի գործընթացը նախաձեռնվել է չորս անգամ: Դա եղել է Էնդրյու Ջոնսոնի (1868), Բիլ Քլինթոնի (1998-1999), Ռիչարդ Նիքսոնի (1974) և հենց Թրամփի (2019-2020) հետ: Նախորդ անգամ ԱՄՆ գործող առաջնորդին փորձել էին հեռացնել իշխանությունից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու մասին պնդումների պատճառով: Սակայն Սենատը, որի մեծամասնությունն այդ պահին հանրապետականներն էին, արդարացրել է Թրամփին: Ջոնսոնն ու Քլինթոնը նույնպես ժամանակին արդարացվել են Կոնգրեսի վերին պալատի կողմից: Նիքսոնը հրաժարական էր տվել Սենատում լսումների մեկնարկից առաջ:

Lragir.am,
14-01-2021 10:55