Ադրբեջանը գերիների հարցով կարող է փակուղում հայտնվել

14-01-2021 14:06

Ադրբեջանը շարունակելու է հայ ռազմագերիներին ներկայացնել որպես ահաբեկիչներ՝ ստեղծելու շինծու փաստական հիմքեր, որ իր լեգենդը կարողանա հրամցնել միջազգային կառույցներին: Այս մասին այսօրվա քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արա Ղազարյանը: «Հայաստանի կառույցները փաստերի ուժով պետք է կոտրեն այդ կեղծ օրակարգը՝ ցույց տալու, որ դրա նպատակը բացարձակապես քաղաքական է, այն է՝ թույլ չտալ, որ ՀՀ տարածքից զինվորները ծառայեն Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ դրանով թուլացնելով Արցախի պաշտպանությունը»,- ասաց նա: Արա Ղազարյանը նշեց, որ մեծ ուժեր կենտրոնացնելով հայկական փոքրաքանակ խմբերի դեմ՝ Ադրբեջանին հաջողվեց 62 հայ զինծառայողի գերավարել արդեն զինված հակամարտության ավարտից հետո և ներկայացնել լեգենդ, որ «այդ խմբավորումներն անօրինական են, որովհետև Հայաստանի Հանրապետության բանակի խմբավորումներ են, բայց գտնվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս»: «Երբ այս հարցն արդեն մի քանի օր առաջ Ադրբեջանը տեղափոխեց ՄԱԿ-ի հարթակ, արդեն բավական պատասխանատու քայլ է, որից նահանջ չկա: Այսինքն՝ Ադրբեջանը պետք է շարունակի այդ լեգենդը: Եվ իրենց արտաքին գործերի նախարարը խնդրեց ՄԱԿ-ի կառույցներին՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի դիվերսիոն խմբեր չուղարկի Ադրբեջան: Ուշադրություն դարձրեք այդ տերմինի վրա՝ դիվերսիոն խմբեր: Դա իրավական կատեգորիա չէ, իրավական կատեգորիա է ահաբեկչություն և ահաբեկիչներ, այն, ինչ 10 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունները որակեցին Մանվել Սարիբեկյանին, Կարեն Ղազարյանին: Հիմա Ադրբեջանը նաև իրեն կարող է փակուղի տանել, որովհետև եթե ինքը այդ 62 հոգուն անվանում է ահաբեկիչներ, իսկ ՄԱԿ-ի հարթակում ներկայացնում որպես դիվերսիոն խմբեր, ահաբեկչությունն ունի իրավական հիմք, դիվերսիան չունի: Այսինքն՝ այսպես թե այնպես պետք է նրանց համար փնտրի իրավական հիմք, հետևաբար, Ադրբեջանը պետք է արդեն մտնի փնտրտուքների մեջ՝ գտնելու փաստական հիմքեր: Չկան նման փաստական հիմքեր, այդ տղաներն օրինական զինված ուժերի ներկայացուցիչներ են, իսկ դա արդեն իսկ վերացնում է նրանց ահաբեկիչ լինելու իրավական հիմքերը: Այս պայմաններում Ադրբեջանը կարող է պահել բացարձակ իզոլացման մեջ այդ մարդկանց, նրանցից կորզել ցուցմունքներ, որ՝ այո, իրենք ահաբեկիչներ են, որ գան Ադրբեջան ու պայթեցումներ կատարեն, որպեսզի դրանով ստեղծեն իրավական հիմքեր, որ նրանք ահաբեկիչներ են»,- ասաց Արա Ղազարյանը:

Lragir.am,
14-01-2021 14:06