Հայկական կողմերի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան․ Արա Այվազյան

14-01-2021 15:58

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային հանդիպման ձևաչափով հյուրընկալել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ փակ քննարկում կանցկացվի, որի թեման Մոսկվայում օրերս կայացած եռակողմ հանդիպումն է: ԱԳ նախարար Արա Այվազյանն ասաց, որ Արցախում հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով վիրավորվել է Արցախի ՊԲ զինծառայող: «Արցախի ՊԲ-ն ու ԱԳՆ-ն այս կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով, որտեղ խստորեն դատապարտել են ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները: Մենք ամբողջովին կիսում ենք այս հայտարարություններում առկա գնահատականը և որպես եռակողմ հայտարարությունն ստորագրած կողմ՝ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից այդ հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով: Այս խախտումները վերաբերում են նախ և առաջ հայտարարության առաջին և ութերորդ կետերին, որոնց համաձայն կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում, ամբողջովին դադարեցնեն կրակը և վերադարձնեն ռազմագերիներին և ձերբակալված անձանց: Որոշ դեպքերում այս խախտումները եղել են փոխկապակցված, ինչպես օրինակ, Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակումը, որի հետևանքով գերեվարվեց 64 զինծառայող»,- ասաց Արա Այվազյանը: Նախարարի խոսքով՝ հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները: «Այս գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է, այլ ոչ թե պատանդառությունը և հայատյացության քաղաքականության շարունակումը»,- հավելեց նա: Այվազյանը նշեց, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձի խնդիրները: «Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետվերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով: Այս ուղղությամբ Արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ»,- ասաց նա: ԱԳ նախարարը նաև հավելեց, որ Հայաստանը մաս կազմելով հունվարի 11-ի եռակողմ հայտարարությանը՝ հստակորեն մատնանշեց, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել մեր տարածաշրջանի տնտեսական և ենթակառուցվածքային պոտենցիալի փոխշահավետ օգտագործման ուղղությամբ: Սակայն հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է փոխադարձ վստահություն: «Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է: Դեռևս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ: Ուժի կիրառումը կարող է հակամարտության մեջ ձևավորել նոր փուլ: Սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը: Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլոր իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների ու հետևանքների վերացման համար: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման դիրքերից: Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների հովանու ներքո շարունակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված հիմնարար սկզբունքների և տարրերի այն հատվածի վրա, որը չի հասցեագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Հայկական կողմերի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը»,- հայտարարեց Այվազյանը:

Lragir.am,
14-01-2021 15:58