Դրամի արժեզրկումը չի հանգեցնի տնտեսական կամ ֆինանսական համակարգերի փլուզման

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ինչո՞վ է պայմանավորված դրամի արժեզրկումը: Դրամի արժեզրկումը հիմնականում պայմանավորված է տրամադրություններով, սպասումներով և անորոշություններով: Այսինքն՝ տնտեսական լուրջ գործոններ, որ կապված լինեն օրինակ արտարժութային հոսքերի, առևտրային հաշվեկշիռների հետ, չկան: Դրա համար, կարծում եմ՝ եթե անգամ շարունակվի, ինքը կլինի շատ տանելի չափով, մեղմ և չի հանգեցնի տնտեսական կամ ֆինանսական համակարգերի փլուզման: Կարծում եմ՝ ներքաղաքական կայունացմանը զուգահեռ այս արժեզրկումը նույնպես կկարգավորվի: Թեև ԿԲ–ն հայտարարել է, որ գործառնություններ կիրականացնի շուկայում, սակայն դոլարը շարունակում է թանկանալ: Սա գնաճի չի՞ հանգեցնի: Բնականաբար, դրամի արժեզրկումը բերում է ներմուծվող ապրանքատեսակների գների որոշակի աճի: Ոչ թե ընդհանուր գնաճի, այլ կոնկրետ այն ապրանքատեսակների գների աճի, որոնք ներմուծվում են: Իսկ էներգակիրների դեպքում դա շղթայաբար բերում է նաև դրանցով արտադրվող ապրանքների գների աճի: Բայց կարծում եմ, որ դրամի արժեզրկման ազդեցությունն այնքան մեծ չի լինի, որ մենք ունենանք բավականին մեծ ու թիրախային ցուցանիշից բարձր մակարդակ: Որոշ տնտեսագետներ նշում են, որ Հայաստանը տնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել, որ խնդիրներ կան բյուջեի հավաքագրման, ծախսերի հետ կապված: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը: Ոչ միայն Հայաստանը, այլ աշխարհի երկրների մեծ մասը դեռ անցած տարվանից ունեն տնտեսական լուրջ խնդիրներ՝ կապված կորոնավիրուսի վարակի հետ: Մեր դեպքում ավելացել է նաև պատերազմը: Այսինքն, Հայաստանը հիմա դեռ կորոնավիրուսի հետևանքները ամբողջությամբ չհաղթահարած ու այդ սահմանափակումներից դեռ ամբողջությամբ դուրս չեկած, նաև բախվել է հետպատերազմական իրավիճակին բնորոշ խնդիրներին: Այո, փաստացի ճգնաժամի մեջ ենք, բայց կարծում եմ, որ 2021 թվականը, չնայած էլի լինելու է բավական բարդ տարի, այդ ճգնաժամը հաղթահարելու տարի կլինի: Տեսակետ կա, որ թուրքական ապրանքների արգելք սահմանելով մենք ոչ այնքան թուրքական տնտեսությանը հարված հասցրեցինք, որքան մեր տնտեսությանը: Այս մասով հնարավո՞ր են փոփոխություններ: Թուրքական ապրանքների ներմուծման արգելքն արդեն մտել է ուժի մեջ և այն չեղարկելու ոչ մի որոշում կամ քննարկում չկա: Ինչ վերաբերում է նրան, որ դրանով մեր տնտեսությանը վնաս հասցրեցինք, այդտեղ ավելի շատ քաղաքական ժեստի, քաղաքական դիրքորոշում ցույց տալու թեմա էր: Ես կարծում եմ, որ սա մեր տնտեսությանը վնասից բացի նաև նոր հնարավորություններ է բացում: Այսինքն այն ապրանքները, որոնք Թուրքիայից ներմուծվում էին, հնարավորություն ենք տալիս, որ տեղական արտադրողներն իրենք շուկան լրացնեն:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
14-01-2021 16:18