Մոսկվան արել է «կեղտոտ աշխատանքը» Ղարաբաղում. ինչ է սպասվում առաջիկայում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպմանը: Քավանոյի խոսքով, դրականն այն է, որ Պուտինը մտադիր է աշխատել Ղարաբաղի հարցով, իսկ մտահոգիչն այն է, որ Ալիեւը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է: Դա այդպես չէ, առանցքային հարցերը մնում են, անհրաժեշտ է համապարփակ կարգավորում ամուր խաղաղության ու բարգավաճման հիմքեր ստեղծելու համար: Փորձագետներն սկսել են ավելի հաճախ խոսել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի փոխարինում քաղաքական կարգավորմանը, եւ կողմերը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն կարգավիճակի հարցով: Տարածված փորձագիտական կարծիքների տողատակը հանգում է նրան, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանն օգտվել են ԱՄՆ-ում բարդ ընտրական փուլից եւ իրականացրել են հայկական հողերի բաժանման ծրագիրը: Սակայն շատերը նշում են, որ ԱՄՆ դիրքորոշումն այդպես էլ անորոշ է մնացել: Համաշխարհային լրատվամիջոցներում քննարկվում է հարցը, թե Բայդենի իշխանության գալն ինչպես կանդրադառնա Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության վրա: Փորձագետների մի մասը հանգել է կարծիքին, որ առանձնապես ոչինչ չի փոխվի, թեկուզ այն պատճառով, որ Բայդենի վարչակազմում առաջադրվել են Օբամայի նախագահության շրջանից հայտնի անձինք: Բացի այդ, դեմոկրատական վարչակազմը, ինչպես ակնկալում են փորձագետները, ավելի կոշտ մոտեցում է ունենալու Ռուսաստանի նկատմամբ, եւ այդ առումով Հարավային Կովկասը կարող է դառնալ դիմակայության ասպարեզներից մեկը: Փորձագետների մյուս մասն սպասում է ԱՄՆ ակտիվ վերադարձին ղարաբաղյան կարգավորում եւ այդ համատեքստում Արցախի կարգավիճակի ու սահմանների «համատեղ» որոշումը:  Այդ դեպքում Արցախում ռուսական զորքերին փոխարինելու կգա՞ն միջազգային խաղաղապահները: Այս փուլում այդ հարցը չի քննարկվում: Հայաստանի ներկայիս կառավարության հասցեին մեղադրանքներն են հնչում, որ հայկական կողմի համար կործանիչ պատերազմը տեղի է ունեցել ինչպես ռուսական, այնպես էլ արեւմտյան ուղղությամբ դիվանագիտության ձախողման պատճառով: Եթե ռուս ու նրանց հետ փոխկապակցված հայ փորձագետներն ասում են, որ «գունավոր հեղափոխության» ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը փչացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները, ապա արեւմտյան լրատվամիջոցները հիշեցնում են Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցը: Փորձագետները հիշում են, որ 2018 թվականի հոկտեմբերին Բոլթոնը, հղում անելով Փաշինյանի «հզոր մանդատին», ասել էր, որ նա դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից հետո կկարողանա Ղարաբաղի հարցով «բարդ որոշումներ» կայացնել: Այն ժամանակ Փաշինյանը կոշտ պատասխանեց, որ Բոլթոնը կարող է խոսել միայն իր անունից, բայց ոչ Փաշինյանի, եւ ղարաբաղյան խնդիրը կլուծվի այնպես, ինչպես կասի ժողովուրդը, այդ թվում՝ սփյուռքը: Արեւմտյան փորձագետները նաեւ ասում են, որ Բոլթոնն այս հարցը կապել էր Իրանի շրջափակմանը միանալու կամ չմիանալու Հայաստանի որոշմանը: Այսպես թե այնպես, ԱՄՆ-ն պետք է իր դիրքորոշումը հայտնի 44-օրյա պատերազմի ու Արցախի կարգավիճակի վերաբերյալ: Հնարավոր է, ԱՄՆ վերադարձի հնարավորության ֆոնին ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարեց, որ Ռուսաստանը չի առաջարկել հենց այնպես Ադրբեջանին 7 շրջան վերադարձնել, այլ նախատեսել էր կարգավիճակի հարցը: Ռուսաստանի ԱԳՆ-ն այդպիսով տե՞ղ է թողնում ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ բանակցություններին: Մինսկի խումբը միակ հարթակն է, որտեղ Մոսկվան եւ Վաշինգտոնը հավասար դիրքերում են, եւ հնարավոր է Մոսկվան այդ հարթակը փորձի օգտագործել ԱՄՆ նոր վարչակազմի հետ շփումների համար: Կարող է թվալ, որ հիմա Մոսկվայի դիրքերն ավելի ուժեղ են, բայց իրականում ամեն ինչ կարող է այլ կերպ լինել՝ Մոսկվան արել է «կեղտոտ աշխատանքը» Ղարաբաղում, որի մասին Բոլթոնը խոսել էր Երեւանում: Հիմա եկել է «մաքուր» դիվանագիտության ժամանակը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
14-01-2021 17:14