Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը՝ պատգամավորի ու լրագրողի մասնակցությամբ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

14-01-2021 18:34

Երեկ՝ հունվարի 13-ին, Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և «Yerevan.today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանի մասնակցությամբ: Երբ պատգամավորը հրաժարվել է պատասխանել տվյալ լրատվամիջոցը ներկայացնող թղթակցի հարցերին, վեճ է բռնկվել, հնչել են փոխադարձ մեղադրանքներ, դրսևորվել է անբարեհաճ վերաբերմունք, ինչը հարիր չէ ոչ պատգամավորին, ոչ լրագրողին: Հայկ Սարգսյանը նաև հրել է Սյուզի Բադոյանին, նրա ձեռքից խլել բարձրախոսը և մտել աշխատասենյակ: Միայն համառ պահանջներից հետո բարձրախոսը վերադարձվել է: Այսպիսով՝ Հայկ Սարգսյանը հերթական անգամ հայտնվել է լրատվամիջոցների հետ բախման կիզակետում: Ի դեպ, պատգամավորը մեկ տասնյակից ավելի դատական հայցեր ունի ընդդեմ ԶԼՄ-ների` զրպարտության և վիրավորանքի հիմքով: Այդ դատական գործընթացները վկայում են մի կողմից պաշտոնյայի անհանդուրժողականության, մյուս կողմից՝ որոշ լրատվամիջոցների՝ խոսքի ազատության թույլատրելի սահմաններն անցնելու մասին: Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք հայտնում ինչպես այս, այնպես էլ վերջերս հաճախակի դարձած՝ պաշտոնյաների և լրագրողների միջև ընդհարումների, ոչ քաղաքակիրթ շփման ձևերի առիթով: Արձանագրում ենք, որ այս խորհրդարանն այդպես էլ համապատասխան օրենսդրական փոփոխություններով չլուծեց մշտապես գործող՝ պատգամավորների էթիկայի հանձնաժողով ունենալու հարցը: Իսկ նրանց վարքի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում չի օգտագործվում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը: Ազգային ժողովը նաև չվերանայեց և չարդիականացրեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, որը կարող էր նպաստել խորհրդարանական լրագրողների վարքագծի համապատասխանեցմանը մասնագիտական նորմերին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում․ ԱԺ ղեկավարությանը՝ հատուկ ուշադրություն դրսևորել պատգամավորների և լրագրողների միջև առաջացող խնդիրների նկատմամբ, ապահովել դրանք քննության առնելու անհրաժեշտ մեխանիզմների ձևավորումը, Պատգամավորներին՝ խստորեն պահպանել ԱԺ կանոնակարգով և «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով ամրագրված էթիկական նորմերը, զերծ մնալ անբովանդակ վիճաբանություններից, զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական ուղղվածությունից, Խորհրդարանական լրագրողներին՝ հավատարիմ մնալ օրենքի և մասնագիտական էթիկայի նորմերին, խուսափել ոչ բարեկիրթ շփումներից և դրսևորել լրագրողի մասնագիտությանը հարիր կեցվածք: ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Lragir.am,
14-01-2021 18:34