Անկախ Հայաստանի պատմության մեջ 2020 թվականին կարող է գրանցվել մահերի ամենամեծ թիվը

Անկախ Հայաստանի պատմության մեջ 2020 թվականին կարող է գրանցվել մահերի ամենամեծ թիվը: Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է 2020 թվականի հունվար-նոյեմբերի ժողովրդագրական ցուցանիշները, ըստ որոնց՝ Հայաստանում մահերի թիվը 2020-ի 11 ամիսներին 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 30․2 տոկոսով կամ 7 194 մարդով: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի 11 ամիսներին գրանցվել է 30 976 մահ: Միայն նախորդ տարվա նոյեմբերին երկրում գրանցվել է 6060 մահացության դեպք: «Արցախյան երկրորդ պատերազմն ու կորոնավիրուսի համաճարակը նախորդ տարվա առաջին 11 ամիսներին էապես վատթարացրել են ժողովրդագրական գործընթացների պատկերը: Եվ, ցավոք, անկախ Հայաստանի ժողովրդագրական դիտարկումների ողջ ընթացքի համար 2020-ին կարող է արձանագրվել մահերի ամենամեծ ցուցանիշը»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը: 2020 թվականի ապրիլ-նոյեմբերին ամիսներին Հայաստանում կորոնավիրուսից մահերի թիվը կազմել է 2578 մարդ, որից 1175-ը՝ միայն նոյեմբեր ամսին: Կորոնավիրուսի համավարակն ու պատերազմական իրավիճակը բացասական ազդեցություն են ունեցել նաև ամուսնությունների թվաքանակի վրա, ասում է Արտակ Մարկոսյանը: 2020 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունների թիվը նվազել է 3590-ով և կազմել է 10 765 գրանցված դեպք: Այսինքն՝ այս պատկերը ցույց է տալիս, որ ամուսնությունները հետաձգվել են: Ժողովրդագրական գործընթացներից դրական է միայն ծնունդների թվաքանակի աճը, որը, Մարկոսյանի խոսքով, պայմանավորված է նաև 2019 թվականից մեկնարկած ժողովրդագրական իրավիճակի բարելավման աշխատանքների շրջանակներում մշակված և 2020 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ մտած ծրագրերով: 2020 թվականի 11 ամիսներին 2019-ի համեմատ Հայաստանում ծնունդների թիվն աճել է 457-ով․ ընդհանուր ծնվել է 33 425 երեխա: «Այն քաղաքականությունը, ծրագրերը, որոնք իրականացվում են, միտված էին նրան, որպեսզի նախորդ ժամանակահատվածից հետաձգված ծնունդներն արագացվեին: Սպասվում էր, որ 2020 թվականից Հայաստանում ծնունդների թիվը պետք է նվազեր՝ հասկանալի պատճառներով, բայց քանի որ նախորդ ժամանակահատվածից ունեինք բավական հետաձգված ամուսնություններ ու ծնունդներ, դրա հաշվին որոշակի բարելավում ունենք 2020-ին: Բայց կորոնավիրուսն ու պատերազմը դեռ ազդեցություն ունենալու են նաև ծնունդների վրա, որովհետև բազմաթիվ խնդիրներ են առաջ գալու»,- ասում է մասնագետը: Մահերի թվաքանակի աճով պայմանավորված՝ երկրում կրճատվել է բնական հավելաճը՝ 6737-ով և կազմել է 2449 մարդ: «Շատ անորոշություններ կան՝ կապված անվտանգության լրջագույն խնդիրների, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման ու կառավարման որակի հետ: Մենք կորոնավիրուսի հետևանքներն արդեն զգացել ենք, պատերազմի հետևանքները կզգանք մոտակա ժամանակահատվածում: Հիմա դեռ սահմանները փակ են, տեղաշարժ չի լինի: Բայց պարզ չէ, թե միգրացիան առումով ինչ կլինի, եթե այս իրավիճակը շարունակվի: Ցավոք, իշխանության կողմից տեսանելի չեն այն քայլերը, որոնք պետք է հանգեցնեն սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Մենք տեսնում ենք կառավարման ճգնաժամ, հասկանում ենք, որ պետական կառավարման համակարգը լավ չի արձագանքում այն խնդիրների լուծմանը, որոնք ծագել են»,- նշում է Մարկոսյանը: Հայաստանի սահմանամերձ դարձած համայնքներում ևս, նրա խոսքով, սոցիալ-տնտեսական խնդիրները կարող են սրվել, այդ թվում՝ միգրացիան, քանի որ առաջացել են անվտանգային լուրջ խնդիրներ:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
14-01-2021 19:46