Առաջին անգամ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի սեքվենավորման փորձ

16-01-2021 16:44

Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ շրջափուլի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանում իրականացվող գենոմիկայի դրամաշնորհային ծրագրով ձեռքբերված գերժամանակակից երրորդ սերնդի սեքվենավորման սարքի (Oxford Nanopore MinION) օգնությամբ առաջին անգամ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի սեքվենավորման նախնական փորձ: Սեքվենավորումը ԴՆԹ հիմքերի հաջորդակաության բացահայտման գործընթացն է, որն իրականացվում է հատուկ սեքվենավորման սարքերի միջոցով: Սեքվենավորման միջոցով գիտնականները կարող են համեմատել միևնույն գենի տարբեր ձևերի հաջորդականությունները: Այս ձևերի մի մասը հանգեցնում են օրգանիզմի բնականոն գործունեությանը, իսկ որոշ հաջորդականություններ կարող են հանգեցնել հիվանդության: Սեքվենավորման արդյունքում պարզ է դառնում, թե հաջորդականության որ փոփոխություններն են կապված այս կամ այն հիվանդության հետ: Վերոնշյալ հաջողությունը հնարավոր է դարձել Հայ-Ռուսական համալսարանի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ ՄԿԻ Մարդու գենոմիկայի լաբորատորիայի ու Կենսաինֆորմատիկայի գիտական խմբերի համագործակցության շնորհիվ: Փորձերի համար անհրաժեշտ ռեակտիվների մի մասը ձեռք է բերվել Հայ-Ռուսական համալսարանի ֆինանսավորմամբ: Առջևում նոր նմուշների կենսաինֆորմատիկ վերլուծությունն է և սեքվենավորումը: Հետազոտություններն իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում:  ՀՌՀ մամուլի ծառայություն

Lragir.am,
16-01-2021 16:44