Ուղղակի ներդրումները գրեթե զրոյական են․ Ինչ պետք է անել

Հայաստանում ներդրումների ոլորտում լուրջ խնդիրներ կան, և կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է անում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: 2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում կատարված ներդրումների ծավալն էապես նվազել է: Վիճակագրական կոմիատեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի ինն ամիսներին ընդամենը ներդրումների ծավալը կազմել է 52 մլրդ 633.1 մլն դրամ՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի 137 մլրդ 836.4 մլն դրամի փոխարեն: Բացասական ցուցանիշը կազմել է -85 մլրդ 203.3 մլն դրամ: Ինչ վերաբերում է ուղղակի ներդրումներին, 2019 թվականի 9 ամիսների 38 մլրդ 384.2 մլն դրամի ուղղակի ներդրումների փոխարեն 2020-ի 9 ամիսներին այդ թիվը կազմել է 311,1 մլն դրամ: Տարբերությունը կազմել է -38 մլրդ 073.1 մլն դրամ: «Թվերը լավ բան չեն ասում, այս թվերը խոսում են այն մասին, որ լրջագույն խնդիր է դարձել Հայաստանում ներդրումների հարցը: Եվ կառավարությունն ինքը պետք է գնահատական տա, թե ինչով է պայմանավորված դա, ինչն է խանգարում: Իհարկե, համաճարակն իր գործն արել է, պարզ էր, որ համաճարակի պայմաններում մեծ սպասելիքներ ունենալ, որ ներդրումներ կարող են լինել, իրատեսական չէր: Բայց այդ գործոնը հաշվի առնելով հանդերձ՝ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Վերջին 4-5 տարիների միտումն է այնպիսին, որ ներդրումները տարիների ընթացքում նվազում են: Հայաստանը դրսից ներդրումների կարիք ունի, և պետք է հասկանալ, թե ինչն է պատճառը՝ արդոք օրենսդրական խնդիր կա, հարկային դաշտում են խնդիրները, թե՞ վարչական գործիքները չեն աշխատում»,- ասում է Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ներդրումների կառուցվածքն է շատ կարևոր, թե որտեղ պետք է ներդրումներ կատարվեն,  օրինակ, արտադրական հզորությունների ոլորտո՞ւմ, թե՞ շինարարության: «Երբ ներդրողների հետ խոսում ենք, համար առաջին անհանգստությունը դատական համակարգի նկատմամբ է: Ամենակարևոր հարցն այն է, որ ներդրողները պաշտպանված չեն: Եվ այն խոսակցությունները, որոնք կան, տարածված են, դրանք ներդրողների ականջներին էլ են հասնում: Եվ նրանք զգուշանում են: Ես համոզված չեմ, որ Հայաստանի այսօրվա դատական համակարգի պայմաններում որևէ մեկը կարող է ասել, որ ներդրողն ապահովված է, սա լրջագույն խնդիր է»,- ասում է Վահագն Խաչատրյանը: Ներդրումների վերոնշյալ վիճակագրությունը վերաբերում է պատերազմից առաջ եղած իրավիճակին: Պատերազմի շրջանում ու դրանից հետո, տնտեսագետի խոսքով, արդեն այլ իրավիճակ է ստեղծված: «Հիմա էլ լրիվ այլ իրավիճակ է: Պետք է ջերմոցային պայմաններ ստեղծեն, որպեսզի մարդը գա ու ներդրում անի Հայաստանի Հանրապետությունում: Այսինքն՝ այդ ներդրողը պետք է լրջագույն եկամուտներ ակնկալի: Պետք է կարողանանք դա հասկանալ՝ մեզ մոտ կա՞ն այդպիսի բնագավառներ, որոնք այդպիսի մեծ եկամտաբերություն կկարողանան ապահովել: Ես չգիտեմ՝ կան, թե չկան»,- նշում է տնտեսագետը: Ներդրումների համար խոչընդոտ է հանդիսանում նաև անվտանգության համակարգը: Նախքան պատերազմը ներդրողները ներդրումներ են կատարել նաև Արցախում: Եվ հիմա այդ ներդրումները դարձել են առոչինչ: «Եվ, իհարկե, այս ստեղծված իրավիճակում շատ կարևոր է պետության, կառավարության քաղաքականությունը, թե այս ժամանակշրջանում ինչպիսին է լինելու: Ի՞նչ քայլեր է կառավարությունը պատրաստվում անել, որպեսզի գրավի ներդրողներին և ընդհանրապես՝ ինչպիսի՞ պայմաններ է ստեղծելու, որ բիզնեսը վերականգնողական շրջանում իր գումարներով ներդրումներ անի: Կառավարությունը մինչև փետրվարի վերջ ուզում է այդպիսի մի ծրագիր ներկայացնել՝ ամբողջովին նոր: Համենայնդեպս, վարչապետի դեկտեմբերի 30-ի որոշումն այդ մասին է, որտեղ նաև հարկային օրենսդրության փոխոխությունների հանձնարարություն է տրված: Նաև էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարություն է տրված նոր ծրագիր կազմելու առումով: Եվ այս առումով արդեն ներդրումների համար, կարելի է ասել, նոր դաշտ է բացվելու»,- նշում է Վահագն Խաչատրյանը: Նա որպես ներդրումային ծրագրերի օրինակ է ներկայացնում սպասվող բնակարանաշինությունը: Արցախում պատերազմի հետևանքով շատ ընտանիքներ անօթևան են մնացել: «Այսինքն՝ բնագավառներ կան, որտեղ նոր ներդրումների հնարավորություններ են բացվել: Բայց ես գտնում եմ, որ բոլոր դեպքերում պետք է մտածել Հայաստանի արտադրական հզորությունների ավելացման մասին: Դրանք մի քիչ երկարաժամկետ են ներդրումների և արդյունքների ստացման առումով, բայց նաև երկարաժամկետ են իրենց օգուտի առումով: Երբ այս խնդիրները դրվեն, նաև կհասկանանք, թե ինչ խանգարող հանգամանքներ կան, որոնք ուղղակի պետք է վերացնել», նշում է տնտեսագետը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
16-01-2021 19:05