Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ

16-01-2021 19:45

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ ADM Dimonds ադամանդագործական ընկերությունում՝ շարունակելու այդ ոլորտներում կուտակված խնդիրների համատեղ քննարկումը: Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկումից առաջ ADM Dimonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը նախարարին և հանդիպման մյուս մասնակիցներին ծանոթացրել է ընկերության արտադրական պրոցեսներին և շենքի պայմաններին, որն ուներ նաև հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար հարմարեցված հատված: Օրակարգում ընդգրկված էին ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, ինչպես նաև գունավոր քարերի արտադրության մեջ նախապես գույքագրված խնդիրները և առաջարկվող լուծումները: Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանում ադամանդագործության և ոսկերչական ոլորտները զարգացնելու համար անհրաժեշտ է միավորել պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը:

Lragir.am,
16-01-2021 19:45