Ում է մտահոգել հայկական «ռեւանշը»

Քանի որ Հայաստանի մեդիադաշտը «ծածկված է» ուժերով, որոնք հրապարակային հրաժարվում են «ռեւանշից», հայ հանրության ընդերքում սեփական իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու հասունացումը ոչ հրապարակային է տեղի ունենում: Բայց այդ գործընթացն այնքան ակնհայտ է, որ անթաքույց վախ է առաջացնում բոլոր նրանց մոտ, ովքեր ռեւանշը բնական են համարում: Ռուսաստանն ու Թուրքիան հայտարարում են, որ թույլ չեն տա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերանայում եւ Հայաստանի ռեւանշ: Դրա համար նրանք օգտագործում են բազմաթիվ «ստեղներ»՝ «իշխանության համար պայքար» ներկաների ու նախկինների միջեւ, «սորոսականների» ու կրեմլամերձների միջեւ վեճեր եւ այլն: Ռուսական կողմը կգործադրի բոլոր ջանքերը, որ թույլ չտա Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարության եռակողմ հայտարարության վերանայում, նոյեմբերի 17-ին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Որոշ շրջանակներ, մասնավորապես, սորոսականները, փորձում են ապակայունացնել վիճակը Հայաստանում, որ վիժեցնեն համաձայնագրի իրագործումը: Վլադիմիր Պուտինը նույնպես ասել է, թե որքանով է դա վտանգավոր Հայաստանի համար: Երբ նրան հարցին, թե ինչ լինի, եթե Հայաստանը հրաժարվի համաձայնությունից, նա պատասխանեց, որ դա ինքնասպանություն կլինի Հայաստանի համար», – ասել է Ալիեւը դեկտեմբերի 18-ին: Եթե Հայաստանում ինչ-որ մեկն ապրում է ռեւանշով, սխալվում է, դեկտեմբերի 30-ին ասել է Ալիեւը: Նա նաեւ հղում է արել Պուտինի խոսքին, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է: «Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել, եւ հաշվի առնելով այդ հանգամանքը, Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից նույնպես Ադրբեջան է», – ավելի վաղ մի քանի անգամ ասել էր Պուտինը: Մոսկվայում հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունից հետո ռեւանշի թեման, թվում էր, պետք է վերջնականապես անհետանար: Առավել եւս, որ հիմնական «դերակատարները» հրաժարվում են ռեւանշից: Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հունվարի 14-ին rbc.ru-ի տված հարցազրույցում ասել է․ «Չեմ կարծում, որ Հայաստանին պատերազմ է պետք Ադրբեջանի հետ: Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանին պետք չի Հայաստանի հետ պատերազմի շարունակություն: Այդ պատճառով, հիմա ռեւանշի մասին մտածել, պատերազմելու համար, պարզապես իմաստ չունի: Պետք է բանակը պատրաստել պաշտպանության, այլ ոչ թե հարձակման: Արցախի հարցը պետք է մնա»: «Հիմնական հարցերից մեկը, որը մեզ կապում էր Ռուսաստանին, Ղարաբաղի հարցն էր: Եթե չկա Ղարաբաղի հարցը, կապերն էական թուլանում են: Այնպես որ, Ղարաբաղի հարցը էական էր, էական նշանակություն ուներ արտաքին ուժերի համար, որոնք ուզում էին Հայաստանն անջատել Ռուսաստանից», բազմանշանակ ասել է Մանուկյանը: Նույն օրը խորհրդարանի փոխխոսնակ, Նիկոլ Փաշինյանի կողմնակից ու «արեւմտամետ» համարվող Լենա Նազարյանը նույնպես հայտարարել է, որ ռեւանշը բացառվում է: «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք: Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար: Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել: Պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ», – ասել է նա: «Ռեւանշը», իսկ իրականում՝ իրավունքների պահանջը հասունանալու է անկախ մարդկանց արեւմտամետ ու ռուսամետ կողմնոորոշումներից, այն կհասունանա, երբ մարդկանց մոտ կրկին արթնանա ինքնապահպանման բնազդն ու արժանապատվությունը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
16-01-2021 21:53