Արցախի պետբյուջեի մուտքերն իրականացվել են գերակատարմամբ

02-03-2021 14:27

Արցախի պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու տուրքերը՝ 2021 թվականի հունվար-փետրվարին կազմել են 2 միլիարդ 829,9 միլիոն դրամ, պլանավորված՝ 2 մրդ 600 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 8.8 տոկոսով կամ 229.9 մլն դրամով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին Արցախի ֆինանսների նախարարության պետեկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 2 մլրդ 194.8 մլն դրամը կամ 77.6 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին: «Անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողություններով պայմանավորված՝ հարկ վճարողների գերակշիռ մասը դադարեցրել էր գործունեությունը:Այդ պատճառով հարկերի վճարումներ չեն կատարել: Հարկ վճարողները այս տարվա հունվարի 1-ից աստիճանաբար վերսկսում են գործունեությունը` մեծամասամբ բարեխղճորեն կատարելով իրենց հարկային պարտավորությունները»,-նշել են Արցախի ՊԵԿ-ից:

Lragir.am,
02-03-2021 14:27