Պետականության «ժամանակավոր» ինքնատապալման մեխանիզմը. Բարձրագույն պաշտոնյաները հարվածի տակ են դնում երկրի սուբյեկտությունը

02-03-2021 15:32

«ԱԺ խորհրդի նիստին չներկայանալը նաև իմ իրավունքներից մեկն է: Եվ ես, պարոն Մարուքյան, թե ինչ պատճառով՝ գուցե առողջական, գուցե քաղաքական, գուցե այլ նկատառումներից ելնելով՝ այդ օրը նիստին չեմ մասնակցել: Ակնկալել, որ դա իմ պարտականությունն է, կարծում եմ, մի փոքր չափազանցություն է: ԱԺ նախագահը կարող է նաև, օրինակ, քաղաքական նկատառումներոից ելնելով չգալ նիստին», պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան այսօր ասել է Արարատ Միրզոյանը: ԱԺ խորհրդի նիստ հրավիրել էին ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն: Այսպիսով, շարունակվում է պետական ինստիտուտները ղեկավարող եւ դրանց կարեւորությունն անդադար ընդգծող պետական այրերի՝ ըստ նպատակահարմարության իրենց պարտականություններից հրաժարվելու եւ «վերականգնելու» արատավոր պրակտիկան: Գործող նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրության իր պարտականությունից գրավոր հրաժարվեց եւ լռելյայն վերականգնեց: Գործող այս բարձրագույն պաշտոնյաների պահվածքի մեջ բացահայտ կապ է նկատվում: Ուշագրավ է, որ Արմեն Սարգսյանի «ժամանակավոր հրաժարականի» փորձն իրականացվել է հենց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անմիջական մասնակցությամբ, Սահմանադրական դատարանի կազմի հարցով: Կարո՞ղ ենք ենթադրել, որ իշխանական ճյուղերի փոխադարձ համաձայնությամբ հայկական պետականության ուրույն ինստիտուտ է դառնում պետականության «ժամանակավոր» ինքնատապալման մեխանիզմի մշտական կիրառությունը: Պարզ է, որ բալագանի վերածված քաղաքական կյանքի պայմաններում դա ներքին նշանակություն արդեն չունի: Մնում է ստուգել պետականության տապալման ազդեցությունը ՀՀ միջազգային սուբյեկտության կարգավիճակի վրա:

Lragir.am,
02-03-2021 15:32