Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիներին

02-03-2021 15:52

Թումոյի ծրագիրը հասանելի կդառնա Ջավախքի պատանիներին: Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի միավորի համագործակցության շնորհիվ Թումոյի կրթական ծրագիրը շուտով կգործի Վրաստանի Ախալքալաք քաղաքում: Ախալքալաքի պատանիները կապահովվեն անվճար նորարական կրթությամբ ու անհրաժեշտ սարքավորումներով` ինքնուսուցումն անելով տեղում, իսկ դասընթացներն ու աշխատարանները` Թումո Գյումրիում: Այստեղ կգործի Թումոյի ամբողջական կրթական փորձառությունը. ուսանողները կծանոթանան 14 կրթական ոլորտներին` ռոբոտաշինությունից մինչև անիմացիա: Դասընթացների փուլում նրանց հետ կաշխատեն Թումոյի մասնագետները` ապահովելով կրթության նույն որակը, ինչ բոլոր կենտրոններում: Թումոյի ծրագիրը ախալքալաքցի պատանիների համար հասանելի է լինելու հայերեն և անգլերեն լեզուներով: Սկզբնական շրջանում ուսմանը կկարողանա մասնակցել 160 պատանի: Մոտակա շաբաթների ընթացքում կավարտվեն տարածքի վերանորոգման և տեխնիկական ապահովման աշխատանքները, իսկ գրանցման և առաջին դասերի մեկնարկը կտրվի ապրիլին:

Lragir.am,
02-03-2021 15:52