Ինչու է ինքնաբացարկ հայտնել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն

02-03-2021 15:48

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ԱԺ նիստում մանրամասնեց, թե պատճառն ինչ է: «Պարոն Գրիգորյանն այսօր առավոտյան նամակով դիմել է ԲԴԽ-ին՝ տեղեկացնելով, որ այլևս չի ցանկանում, որ իր թեկնածությունը քննարկվի և քվեարկվի: Եվ չի հավակնում ստանձնել այդ պաշտոնը: Առավոտյան անձամբ զրուցել եմ նրա հետ, պարոն Գրիգորյանն ինձ պարզաբանեց, որ հետպատերազմյան շրջանում, հաշվի առնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, որ այսօր, քան երբևէ անհրաժեշտ է համակարգել դատարանի աշխատանքը և ապահովել բնականոն աշխատանքները, այդ իսկ պատճառով վերջինս չի հավակնում ստանձնել Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնը»,- ասաց ԲԴԽ նախագահը: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հետարքրքվեց՝ դատարանների հարցով ի՞նչ է փոխվել Սյունիքում, քրեական ու քաղաքացիական հայցե՞ր են աճել: Ըստ նրա՝ անհասկանալի է դատավորի թեկնածուի բացատրությունը: «Հակառակը, քրեական և քաղաքացիական գործերը չեն ավելացել Սյունիքում: Սակայն դատարանի բնականոն աշխատանքի կազմակերպման համար շատ ավելի ջանքեր են պետք: Եվ պարոն Գրիգորյանը, ունենալով Սյունիքում աշխատելու բազմամյա փորձ, գտնում է, որ այս պարագայում նրա ներկայությունը Սյունիքի դատարանում շատ ավելի կարևոր է, քան Վճռաբեկ դատարանում», ասաց Վարդազարյանը:

Lragir.am,
02-03-2021 15:48