Մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ մենք չունենք վնգստացող դատավորներ. ԲԴԽ նախագահ

02-03-2021 15:57

ԱԺ նիստում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին պատգամավոր Մարիա Կարապետյանը հիշեցրեց նրա՝ նոյեմբերի 15-ի ուղերձը, որում նշվում էր նաև․ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ 2 տարի ողջ հանրությանն ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորներ ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»: Պատգամավորը ԲԴԽ նախագահին հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված ձեր կոչի մեջ ՀՀ վարչապետի՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդու քաղաքական խոսքին հղումը, ինչո՞ւ չսահմանափակվեցիք ձեր մասնագիտական իրավական բառապաշարով»: «Ես գտնում եմ, որ այդ օրերին, երբ կրքերը բորբոքված էին, ես պարտավոր էի դատավորներին նման կոչով դիմել, որպեսզի որևէ կերպ դատարանները չքաղաքականանան: Սա ավելի շատ սթափեցման կոչ էր, քան քաղաքական, ինչպես շատերը գնահատում են: Ես գտնում եմ, որ իմ կոչը և տեղին էր, և իր արդյունքին հասել է, որովհետև այսօր քան երբեք դատարաններն աշխատում են առավել անկախ»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը: Ինչ վերաբերում է քաղաքական բառապաշարից օգտվելուն, ԲԴԽ նախագահն ասաց․ «Ինչո՞ւ օգտվեցի այն բառապաշարից, որը հարիր չէր, ըստ ձեզ, ԲԴԽ նախագահին: Այո, օգտագործել եմ այդ բառակապակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ պահին ամբողջ դատական համակարգն ալեկոծված էր այդ հարցադրումով՝ ունենք, թե չունենք վնգստացող դատավորներ: Ինձ բազմաթիվ դատավորներ այդ հարցը տվել են: Եվ ես գտնում եմ, որ այդ հարցին մեկընդմիշտ պատասխան պետք է տրվի: Այսօր էլ է այդ հարցը օրհասական, և մենք պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ մենք չունենք վնգստացող դատավորներ»:

Lragir.am,
02-03-2021 15:57