Պարոն Վարդազարյան, խնդրում եմ մի վիրավորեք մեր բանականությունը․ Ռուբեն Ռուբինյան

02-03-2021 16:34

«Պարոն Վարդազարյան, խնդրում եմ մի վիրավորեք մեր բանականությունը, ի՞նչ է նշանակում՝ իմ հայտարարությունը չի ունեցել քաղաքական կոմպոնենտ»,- Աժ նիստում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Նա հավելեց․ «Եկեք վերհիշենք, թե ինչ է տեղի ունեցել՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրվել է եռակողմ հայտարարությունը, որով պատերազմի ակտիվ փուլն ավարտվել է, որից հետո ամբոխը ներխուժել է կառավարության, ԱԺ շենքեր, կառավարական ամառանոց, որից հետո մահափորձ է տեղի ունեցել ԱԺ նախագահի դեմ, որից հետո տեղեկություններ են հայտնվել, որ վարչապետի դեմ է մահափորձ նախապատրաստվում և որից օրեր անց դուք արել եք հայտարարություն: Այս համատեքստում դուք արել եք հայտարարություն՝ վկայակոչելով քաղաքական անձի՝ վարչապետի խոսքերը՝ վնգստացող դատավորների մասով: Կարծում եմ՝ ցանկացած բանական մարդու համար ձեր հայտարարությունը նմանվել է հետևյալին՝ դատավորներ ջան, պատերազմն ավարտվեց վատ արդյունքով, ԱԺ նախագահի դեմ մահափորձ տեղի ունեցավ, երկրում քաոսային իրադարձություններ են տեղի ունենում, էսքան դիմացել ենք, ժամանակն ա, մի զսպվեք»: Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ ԲԴԽ նախագահը տապալել է իր առաքելությունը: «Դուք անցել եք քաղաքականության գիծը: Հաշվի առնելով այս ամենը՝ մտածե՞լ եք արդյոք հրաժարական տալու մասին: Եվ եթե չեք մտածել, արդյոք կարծում եք, որ կարելի է մտածել այդ ուղղությամբ»,- հարցրեց Ռուբինյանը: Ի պատասխան Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ չի մտածել հրաժարական տալու մասին: «Եվ արդյոք ժամանակն է, թե ոչ, թույլ տվեք ես ինքս ընտրեմ այն ժամանակը, երբ մտածելու եմ այդ հարցի վերաբերյալ»: Ռուբեն Ռուբինյանը նշեց․ «Դե հիմնավորեք, թե ինչո՞ւ եք օգտագործել վնգստացող դատավորների հատվածը ձեր հայտարարության մեջ, ի՞նչ եք նկատի ունեցել: Ինչի՞ց էիք ուզում զսպել դատավորներին»: «Կոչս հետևյալն էր՝ սթափվել և չտրվել քաղաքական որևէ գործընթացի, մնալ օրենքի սահմաններում, գործել բացառապես օրենքով ու իրավունքի գերակայության սկզբունքով»,- պատասխանեց ԲԴԽ նախագահը:

Lragir.am,
02-03-2021 16:34