ԱԳՆ-ն պարտավոր է ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցնել Մոսկվայի ու Կարսի դավադիր պայմանագրերի մասին․ Աննա Կոստանյան

02-03-2021 17:10

2021 թվականը Հայաստանի համար շրջադարձային տարի է: Առաջիկայում ունենք շրջադարձային քայլեր, որոնք մեր արտաքին քաղաքականության առանցքը պիտի դառնան: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Աննա Կոստանյանը: «Այսօր արդեն հայ-ռուսական և հայ-թուրքական հարաբերությունները պետք է ունենան անցյալի դառը փորձի գնահատականը: Մարտի 16-ին լրանում է Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի 100-րդ տարելիցը, որը Հայաստանից կտրեց 40 հազար քառակուսի կիլոմետր՝ Կարսի մարզը, Նախիջևանի ինքնավար հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը: Մոսկվայի պայմանագրով առանց Հայաստանի մասնակցության Նախիջևանի ողջ տարածքը հանձնվում է Ադրբեջանի խնամատարությանը: Այս պայմանագիրը հաճախ անվանվում է Լենին-Աթաթուրք դավադիր գործարք, քանի որ Ռուսաստանն ու Քեմալական Թուրքիան կնքել են մի փաստաթուղթ, որը որպես պայմանագիր չի կարող ունենալ իրավական ուժ: Այսպիսի պայմանագրով այսօր ՌԴ-ն Նախիջևանի ինքնավար տարածքում իրավական և միջազգային իրավունքի տեսանկյունից ունի ավելի լայն լիազորություններ, քան Թուրքիան: Մարտի 16-ին Լոնդոնում ստորագրվում է մեկ այլ՝ անգլո-ռուսական պայմանագիրը, որով Ռուսաստանի հետ դաշնային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանին արգելվում է իր հարևան պետությունների նկատմամբ ունենալ տարածքային հավակնություններ: 1921 թվականի հուլիսի 4-ին և 5-ին Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության կենկտկոմի կովկասյան բյուրոյի որոշմամբ, որն, ի դեպ, չունի իրավական ուժ, քանի որ կուսակցական մարմինը չի կարող միջազգային որոշումներ կայացնել, Լեռնային Ղարաբաղն ապօրինի կերպով բռնակցվում է ադրբեջանական ԽՍՀ-ին և որի հիման վրա 1923 թվականին ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը: Այդ որոշմանը ադրբեջանցի կոմունիստների հետ կողմ են քվեարկում վրացի կոմունիստները, որի համար ադրբեջանցի կոմունիստները նրանց վարձահատույց կլինեն հուլիսի 7-9-ի կովկասյան բյուրոյի նիստերով՝ կողմ քվեարկելով Ախալքալաքի և Ծալկայի շրջանների բռնակցմանը վրացական ԽՍՀ-ին»,- ասաց նա: Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև մարտի 16-ին կնքված պայմանագրին կողմ չեն եղել Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, սակայն Ռուսաստանն ու Թուրքիան ստիպողաբար երեք հանրապետությունների կողմից Կարսում այդ պայմանագիրը վավերացրել են: «Փաստորեն, օրինականացվում է Թուրքիային և ադրբեջանական ԽՍՀ-ին բուն Հայաստանից ավելի քան 40 հազար քառակուսի կմ-ի բռնակցումը: Պատմական անդրադարձս հայադավ այս պայմանագրերին՝ կնքված ուղիղ մեկ դար առաջ այս օրերին, որպես սթափեցնող կոչ եմ հնչեցնում՝ վերագնահատելու մեր ժողովրդի անցած ցավոտ ճանապարհը, վերանայելու արտաքին քաղաքական հարաբերությունները մեր հարևանների հետ: Տարակուսելի է այն, որ այսօր մեր ժողովրդի մեծ մասը կարծում է, թե Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը կնքվել են 100 տարով, իսկ դրանց ժամկետն իբրև թե վերջանում է: Գտնում եմ, որ ՀՀ կառավարությունը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի և նրա գործառույթների, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասով, պարտավոր է վերաարժևորել միայն ու միայն Հայաստանի ու Արցախի անկախության, երկու հանրապետությունների անվտանգության ոչ միայն ապահովման, այլև ռազմավարական հարաբերությունների առաջնայնության փաստով: Այլ պարագայում ՀՀ Սահմանադրությունը համարվում է ոտնահարված, քանի որ սրանք առնչվում են Հայաստանի սուվերենությունը կասկածանքի ենթարկելու հետ: Եվ այսպիսի խնդիրները լուծվում են հանրաքվեի ճանապարհով»,- ասաց նա: Աննա Կոստանյանը նշեց, որ այս հարցերը մեկընդմիշտ պետք է հստակեցվեն մեր ռազմավարական գործընկերոջ հետ: «Այս դավադիր պայմանագրերի մասին մեր արտաքին գերատեսչությունը պարտավոր է հնչեցնել առնվազն ՄԱԿ-ի ամբիոնից: Կոչ եմ անում կառավարությանը, ԱԳՆ-ին բոլոր հնարավոր գործիքակազմերով այս հարցերը դարձնել ժողովրդական դիվանագիտության անքննելի առաջնահերթությունը: Համոզված եղեք, ոչ միայն  Հայաստանի բնակչությունը, այլ սփյուռքը աչք չի փակելու այս խնդիրների առաջ»,- հայտարարեց Աննա Կոստանյանը:

Lragir.am,
02-03-2021 17:10