Մաքսային ծառայողները հնարավորություն կստանան ծառայողական շներ օգտագործել նաև մաքսային հսկողության շրջանակում

16-04-2021 18:31

Կառավարությունը ՀՀ ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է մաքսային ծառայողներին հնարավորություն տալ ծառայողական շներ օգտագործել նաև մաքսային հսկողության իրականացման շրջանակներում ապօրինի ներմուծվող կամ արտահանվող թմրամիջոցների, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղորդմամբ՝ «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Օրենքով սահմանված  է մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից, ի թիվս այլ հատուկ միջոցների,  ծառայողական շների կիրառման հնարավորությունը: Օրենքով նախատեսված է ծառայողական շների օգտագործման հնարավորությունը, սակայն սահմանված չէ մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ծառայողական շների կիրառումը մաքսային հսկողության շրջանակում: «ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կազմում գործող շնագիտական բաժնի կինոլոգները և ծառայողները մշտական հերթապահություն են իրականացնում Ագարակ պետական սահմանի անցման կետում: Փոփոխությամբ իրավական հստակեցում է ապահովվում ծառայողական շների օգտագործման համար մաքսային հսկողության շրջանակներում, ինչպես նաև քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում»,-ասաց Հովհաննիսյանը: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մաքսային մարմնի հանրային ծառայողները ծառայողական շներ կարող են օգտագործել նաև մաքսային հսկողության իրականացման շրջանակում ՀՀ ապօրինի ներմուծվող կամ ապօրինի արտահանվող թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ:

Lragir.am,
16-04-2021 18:31