Հայաստանը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին

16-04-2021 18:44

Հայաստանը չպետք է թույլ տա, որ Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, և ամենաբարձր մակարդակով դա պետք է արձանագրվի, ԱԺ նիստում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Ռուսական լրատվամիջոցները երեկ հայտարարեցին կամ լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից քննարկվում է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը: Եվ ռուսական իշխանություններին առնվազն այս պահին թվում է, որ կկարողանան Հայաստանին համոզել գերիների վերադարձի դիմաց համաձայնել Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցությանը: Ես կարծում եմ՝ մեր երկիրը, ինչպես նախկինում, այսօր առավել ևս չպիտի գերիների վերադարձի խնդիրը որևէ կերպ պայմանավորի Ադրբեջանի հնարավոր անդամակցությամբ: Տեղի ունեցած արհավիրքից հետո մեր վերաբերմունքը պիտի լինի շատ հաստատակամ: Մենք չենք կարող միևնույն տնտեսական միության մեջ Ադրբեջանի հետ գտնվել, քանի դեռ հակամարտության վերաբերյալ մենք չունենք վերջնական դիրքորոշում և չունենք խաղաղության պայմանագիր այդ երկրի հետ»,- ասաց Բաբաջանյանը: Ըստ նրա՝ այստեղ շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա իր շահն առաջ մղել ու պաշտպանել: «Եթե Ռուսաստանը չի կարողանում իր կողմից նախաձեռնված հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության կիրարկումն ամբողջությամբ ապահովել և ստիպել, որպեսզի Բաքուն գերիների վերադարձի մասին ստանձնած պարտավորությունները կատարի, սա խոսում է այդ երկրի՝ Ադրբեջանի նկատմամբ ունեցած ազդեցության և հնարավորությունների մասին: Եվ նոր օրակարգ բերել ու գերիների հարցը պայմանավորել Ադրբեջանի անդամակցությամբ, սա ուղղակի դաշնակցային հարաբերությունների որակի մասին է խոսում ՀՀ ու Ռուսաստանի միջև»,- հավելեց նա:

Lragir.am,
16-04-2021 18:44