Վրաստանն առաջարկում է լինել հարթակ Երևանի և Բաքվի միջև, բայց պարզ չէ, թե ովքեր և ինչի մասին պետք է բանակցեն. ՀՀ նախագահ

16-04-2021 18:59

Մենք պետք է կարողանանք ցույց տալ աշխարհին, որ անգամ պատերազմից հետո ուժեղ ենք. պատերազմում պարտվելը մի բան է, կյանքում պարտվելը ուրիշ բան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Թբիլիսիում հայ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տեղեկացնում է news-am-ը: «Կարող ես 5 պատերազմում պարտվել, բայց ամեն անգամ ոտքի կանգնել, գնալ առաջ ու հաղթել: Մենք հաղթել ենք 26 տարի առաջ, քիչ աշխատեցինք, լուրջ չվերաբերվեցինք այդ հարցերին, ենթադրեցինք, որ այդ հաղթանակը ընդմիշտ է եւ այլն: Բայց նույն ձեւով պետք է պարտությանը լուրջ վերաբերվենք, ոտքի կանգնենք եւ միասնական առաջ գնանք: Չես կարող հաղթել կյանքում, եթե բաժանված լինես»,-ասաց նա: Անդրադառնալով Վրաստանի նախագահի առաջարկին՝ դառնալ հարթակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության համար, Արմեն Սարգսյանն ասաց. «Ազնիվ առաջարկ է, թեեւ ովքեր եւ ինչի մասին պետք է բանակցեն, ինձ համար դեռ պարզ չէ: Որեւէ լուրջ, միջպետական բանակցության մասին խոսելուց առաջ, նախ հակառակ կողմը պետք է ցույց տա գոնե տարրական մարդկային վերաբերմունք: Նույնիսկ եթե դու թշնամի ու հակառակորդ է, չպետք է ճանապարհներ փակես ապագա երկխոսության համար»:

Lragir.am,
16-04-2021 18:59