Արցախի հայությունը չի կարող որևէ ձևով անվտանգ լինել ադրբեջանական իրավասության ներքո

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Նիկոլ Փաշինյանը Աժ-ում հայտարարել է, որ ռուսական կողմի հետ բանակցվում է Սյունիքում 102-րդ ռազմակայանի հենակետ տեղակայելու հարցը: Արդեն իսկ մտահոգություններ են հնչում նման հենակետ ունենալու հետ կապված, քանի որ ռուսական կողմը չի ապահովում անվտանգություն: Վարչապետն ընդհանուր առմամբ նաև շեշտեց հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետագա խորացման կարևորությունն ու անհրաժեշտությունը, որը մշտապես եղել է օրակարգում, վարչապետը բազմիցս է դրա մասին խոսել: Բնականաբար, պատերազմից հետո ստեղծված նոր մարտահրավերները, իհարկե, նաև հետագա համագործակցության հնարավորություններ են բացում՝ ելնելով մեր առջև դրված անվտանգային խնդիրներից և այդ նպատակով է խոսվում Սյունիքում ռազմակայանի բացման հնարավորության, իհարկե, դրան զուգահեռ նաև հայկական բանակի արդիականացման հետ կապված համատեղ ռեֆորմներով և ծրագրերով հանդես գալու վերաբերյալ: Իսկ կա՞ն երաշխիքներ, որ  հայ-ռուսական անվտանգային համակարգը դարձյալ չի խափանվի, քանի որ միշտ անհրաժեշտ պահին այդ համակարգը չի գործել: Վստահ եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը կշարունակեն միասին աշխատել և համագործակցել, նաև ռուս գործընկերների կողմից եկող հրապարակային հայտարարությունները և նաև հանդիպումների ժամանակ հնչեցրած իրենց մոտեցումները փաստում են, որ ռուսական կողմն իսկապես պատրաստ է ցանկացած պահի իրագործել ռազմավարական գործընկերոջ իր պարտավորությունները, եթե որևէ կերպ սպառանլիք ստեղծվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ, դրա հետ մեկտեղ, ինչպես նշեցի, շատ կարևոր է, որ մենք ինքներս կարողանանք պատերազմից հետո ուշքի գալ, վերականգնել մեր ներուժը և արդիականացնել բանակը հետագա հնարավոր մարտահրավերներին ճիշտ դիմակայելու համար: Փաշինյանը նաև նշել է, որ «անջատում հանուն փրկության» սկզբունքը պետք է հետագա բանակցությունների առանցքը լինի: Որքանո՞վ այն կարող է իրագործվել Ադրբեջանում առկա հռետորաբանության ֆոնին: «Անջատում հանուն փրկության» սկզբունքը նոր չէ, բազմիցս խոսվել է դրա մասին: Եվ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանում հետպատերազմյան շրջանում սկիզբ առած հայատյացության նոր ալիքը և հայ ժողովրդի ապամարդկայնացմանն ուղղված պետական քաղաքականությունը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ որևէ կերպ Արցախի հայությունը չի կարող որևէ ձևով անվտանգ լինել ադրբեջանական իրավասության ներքո, այսինքն՝ ազատ ապրելու իրավունքը, էքզիստենցիալ անվտանգությունը միայն հնարավոր է Ադրբեջանից դուրս, այլ պարագայում Ադրբեջանը իր վարած պետական քաղաքականությամբ և գործողություններով ուղղակի սպառնալիք է Արցախի հայության գոյությանն ու անվտանգությանը: ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց դարձնելու նպատակների մասին նույնպես հայտարարվեց: Ինչպե՞ս եք գնահատում: Շատ կարևոր եմ համարում, որ վարչապետը խոսեց նախկին ԼՂԻՄ տարածքների, մասնավորապես Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի հարցը բանակցային գործընթացի մաս դարձնելու հարցի շուրջ, և հիշեցնեմ նաև, որ մինչ այդ դրա մասին խոսել էր արտաքին գերատեսչության ղեկավարը դեռ 2020-ի դեկտեմբերին ունեցած իր ելույթում, և մենք ևս շեշտել ենք, որ չի կարող ԼՂԻՄ տարածքների խնդիրը դուրս մնալ բանակցային գործընթացից:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
16-04-2021 20:59