Քննչական կոմիտեում քննարկել են տնտեսական հանցագործությունների քննության առանձնահատկությունները

16-04-2021 21:36

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչության նախաձեռնությամբ ապրիլի 16-ին տեղի է ունեցել «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության առանձնահատկությունները» թեմայով սեմինար-քննարկում՝ Քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների ծառայողների, տնտեսագետների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկման ընթացքում քրեագիտական վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռաֆայել Վարդանյանը և փորձառու տնտեսագետ Վասիլի Առուստամյանը ներկայացրել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության քրեաիրավական և կրիմինալիստիկական բնութագրերը, քննության սկզբնական և հետագա փուլերի, դատատնտեսագիտական փորձաքննությունների նշանակման և կատարման առանձնահատկությունները: Ըստ աղբյուրի՝ սեմինարի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով հանդիպումները դարձնել շարունակական:

Lragir.am,
16-04-2021 21:36