Սենատոր Մենենդեսը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցով

16-04-2021 21:34

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում ապրիլի 15-ին դեսպան Վիկտորիա Նուլանդին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում հաստատման լսումների ժամանակ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը բարձրացրել է հայ ժողովրդին, ներառյալ` հայ ռազմագերիներին վերաբերող առանցքային հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրությունը, Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը ազատ արձակի ռազմագերիներին: «Ես աշխատում եմ Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի խնդիրների վրա արդեն շուրջ 25 տարի, եւ այն, ինչ կատարվել է նախորդ տարի, միանգամայն ողբերգական էր տարածաշրջանում շատերի համար»,-ասել է  Մենենդեսը: Լսումների ժամանակ սենատոր Մենենդեսը խոսել է նաև ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության կարևորության և հրատապության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրենց տներից տեղահանված հայերի համար անհրաժեշտ օգնության ապահովման կարևորության մասին: Վիկտորիա Նուլանդը  իր հերթին լիովին համաձայնություն է հայտնել, որ ԱՄՆ-ն պարտավոր է մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին, ներառյալ՝ ականազերծման աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ ապահովել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Lragir.am,
16-04-2021 21:34