Բաքուն ԵՏՄ-ում՝ Մինսկի խմբին կարող է փոխարինել Մինսկի կապիտուլյացիան

Բելառուսի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխն ուշադրություն է հրավիրել Լուկաշենկոյի ու Ալիեւի բանակցությունների ժամանակ հնչած երեք հիմնական ասպեկտների վրա: Առաջինը՝ Ադրբեջանը բելառուսական կողմին առաջարկում է մասնակցել Ղարաբաղի վերականգնման ծրագրերին: «Ընդ որում, դա արվելու է ագրոարդյունաբերական համալիրներ ստեղծելու Բելառուսի յուրահատուկ փորձի հիման վրա», ասել է նա: Երկրորդ տարրն Ադրբեջանին ԵԱՏՄ հետ ավելի սերտ փոխգործակցության բերելն է: «Անկասկած, մոտակա ամիսներին մենք կտեսնենք Ադրբեջանի ավելի սերտ աշխատանքը ԵԱՏՄ ու Մաքսային միության հարթակներում», – կարծում է նա: Եվ վերջապես` Ալիեւի հնչեցրած առաջարկը Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ տարաձայնությունների հարթման ու փոխգործակցության ամրապնդման գործում Բելառուսի հնարավոր մասնակցության մասին: Մոսկվան չի թաքցնում ԵԱՏՄ-ին Բաքվի անդամակցությամբ շահագրգռված լինելը: Վերջերս ՌԲԿ-ն․ հղում անելով պաշտոնական աղբյուրների, հայտնել էր, որ ապրիլի 28-29-ին Կազանում կայանալու է ԵԱՏՄ վարչապետների խորհրդի նիստը, եւ հնարավոր է ներկա լինի Բաքվի ներկայացուցիչը: Ընդ որում, նշվում էր, որ Հայաստանը որպես նախապայման նշել է գերիների վերադարձը (մոտ 200 հոգու անուն է ներկայացվել) եւ Մեղրիից բացի երկաթուղու Իջեւանի հատվածի բացումը: Եթե այս տեղեկությունները հավաստի են, եւ եթե Ադրբեջանն ընդունի Հայաստանի պայմանը, Հայաստանը կհամաձայնվի ԵԱՏՄ Ադրբեջանի մտնելուն եւ հետխորհրդային ակուբի շրջանակում նրա հետ բոլոր վեճերի լուծմանը: Դա ենթադրում է խաղաղության պայմանագրի ու համագործակցության մասին այլ «խաղաղ» փաստաթղթերի ստորագրում: Ղարաբաղյան շարժման սկզբում Ելցինն ու Նազարբաեւը ժամանեցին Ստեփանակերտ եւ փորձեցին «հայրաբար» կարգավորել հարցը, հիմա էլ Ղարաբաղ կարող են գալ Լուկաշենկոն ու Պուտինը, որ Ստեփանակերտում հաշտեցնեն Ալիեւին ու Փաշինյանին: Պատերազմից հետո, ի դեպ, Փաշինյանը ոչ մի անգամ չի այցելել Ստեփանակերտ: Մինսկի խմբին կարող է փոխարինելու գալ Մինսկի կապիտուլյացիան:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
16-04-2021 22:35