Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանությունը

16-04-2021 23:57

Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ լույս է տեսել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանության երկրորդ, ընդլայնված հրատարակությունը՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից: Լիտվացի հայտնի պոետ, դրամատուրգ Սիգիտաս Գեդայի թարգմանությամբ պոեմը հանրության դատին է ներկայանում Նյու Յորքի «Սուրբ Ներսես» հայկական ճեմարանի հայագիտության պրոֆեսոր, աստվածաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Աբրահամ Տերյանի՝ հատուկ լիտվերեն հրատարակության համար գրված նախաբանով և Մատենադարանի ավագ գիտաշխատող Արուսյակ Թամրազյանի կողմից հեղինակած վերջաբանով: Գրքում տեղ են գտել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատուն-թանգարանի կողմից տրամադրված Գրիգոր Նարեկացու և Պոեմի առանձին հատվածների պատկերով տասներկու մանրանկարներ՝ վերցված հայկական միջնադարյան ձեռագիր մատյաններից: Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի լիտվերեն թարգմանության երկրորդ հրատարակության ամենամեծ առանձնահատկությունը գրքին կից աուդիոգիրքն է․ պոեմի գլուխներն ընթերցվում են լիտվացի երեք հայտնի դերասանների՝ Վլադաս Բագդոնասի, Վիտաուտաս Ռումշասի և Ալդոնա Բրոնիսլավա Դաուսիենեի կողմից, որն ուղեկցվում է հայկական միջնադարյան և հոգևոր երաժշտությամբ` յուրաքանչյուրն առանձին, յուրօրինակ աուդիո խմբագրմամբ, որի ընդհանուր տևողությունը 12 ժամ է: Լիտվացի ընթերցողը հնարավորություն ունի գրքի աուդիոտարբերակն ունկնդրել ինչպես գրքում ներդրված սկավառակի, այնպես էլ՝ յուրաքանյուր գլխի վերջում տեղադրված հատուկ արագ արձագանքման՝ QR կոդի միջոցով: Գրքի հավելվածում տեղ են գտել հայտնի լիտվացի գրող, թարգմանիչ Էդուարդաս Մեժելայտիսի և մեծ հայագետ, թարգմանիչ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Մարիտե Կոնտրիմայտեի կողմից արված Նարեկացու թարգմանություններից հատվածներ: Ապրիլի 15-ին ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած միջոցառման ընթացքում դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործունեությունը, «Մատյան ողբերգության» պոեմի բացառիկությունն ու համամարդկային արժեքը և հավելել, որ 2015 թվականի Ֆրանցիսկոս Պապը Գրիգոր Նարեկացուն շնորհել է Տիեզերական եկեղեցու վարդապետի բարձր տիտղոս, որին կաթոլիկ եկեղեցու 1700-ամյա պատմության ընթացքում արժանացել են ընդամենը 36 մեծագույն սրբեր և աստվածաբաններ: Դեսպան Մկրտչյանը նշել է, որ 2018թ․ ապրիլին Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվել է Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը, իսկ 2021 թվականի հունվարի 25-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը այսուհետ նշվելու է որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր: Դեսպանը եզրափակել է, որ Գրիգոր Նարեկացին կարող է դառնալ մեկ այլ և շատ ամուր կամուրջ հայերի և լիտվացիների միջև․ ժողովուրդների, ովքեր փայփայում են իրենց պատմական և կրոնական ժառանգությունը: Քանի որ Լիտվան առաջինն է աշխարհում 30 տարի առաջ ճանաչել Հայաստանի անկախությունը և Հայաստանն առաջինը Լիտվայի հետ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել, դեսպան Մկրտչյանը նշել է, որ անհրաժեշտ էր բացառիկ ձեռնարկով նշել այդ տարեդարձները, և հայերի համար սուրբ մասունք համարվող գրքի հրատարակումը, որը նաև նման արժեք ունի կաթոլիկ աշխարհի համար այժմ, լավագույնս կարող է արտահայտել այդ տարելիցների խորհրդանշական կարևորությունը: Դեսպան Մկրտչյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել լիտվական «Օդիլե» հրատարակչության տնօրեն Նիյոլե Կուոլիենեին սուրբ գրքի տպագրության պատասխանատու գործը հանձն առնելու, ինչպես նաև լիտվացի կինոռեժիսորներ Գիեդրիուս Զուբավիչյուսին և Աուդրիուս Ստոնիսին գրքի աուդիոտարբերակը ստեղծման աշխատանքները համակարգելու համար: Դեսպան Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բալթյան թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին և Լիտվայում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Պետար Ռայիչին հրատարակությանն աջակցելու և ողջույնի խոսք տրամադրելու, ինչպես նաև Վիլնյուսի արքեպիսկոպոս և Լիտվայի եպիսկոպոսական համաժողովի նախագահ Գինտարաս Գրուշասին՝ ծրագրին սատարելու համար և հավելել, որ սա Հայաստանի և Լիտվայի, Հայաստանի և Վատիկանի, Հայ Առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու համագործակցության փայլուն օրինակ է: Ներկայացնելով նախաձեռնության գլխավոր աջակիցներին՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ գրքի այս, իրավամբ եզակի տարբերակը կյանքի չէր կոչվի առանց Վիլնյուսում ՀՀ պատվավոր հյուպատոս, բժիշտ Կարապետ Բաբայանի և Լիտվայի հայերի միության նախագահ Արայիկ Թունյանի աջակցության: Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանը նշել է, որ Սբ. Գրիգոր Նարեկի իմաստնության ուղերձները իր «Մատյան ողբերգության» պոեմում համընդհանուր են և հավերժ արդիական: Դեսպանը հույս է հայտնել, որ լիտվացի ընթերցողը կվայելի այս գիրքը առաջին իսկ հպումից: Միջոցառման ընթացքում խոսքով հանդես են եկել Լիտվայում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ և Լիտվայում դիվանագիտական կորպուսի դեկան, արքեպիսկոպոս Պետար Ռայիչը, Վիլյուսում ՀՀ պատվավոր հյուպատոս Կարապետ Բաբայանը, Օդիլե հրատարակության տնօրեն Նիյոլե Կուոլիենեն, աուդիո գրքի համակարգող Գիեդրիուս Զուբավիչիուսը: Միջոցառման ընթացքում հնչել են լիտվերեն ընթերցումներից տարբեր կտորներ, ինչպես նաև «Մատյանի» առաջին գլխի հայերեն տարբերակը, որը նույնպես ներառվել է աուդիո գրքում: Գրիքը հասանելի կլինի վաճառքում ս․թ․ մայիսի երկրորդ կեսին:

Lragir.am,
16-04-2021 23:57