22-04-2021 15:26

Ապրիլի լույս 22-ի գիշերը Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց. դանակահարված տղամարդ էր տեղափոխվել բուժօգնության: Վնասվածքը կրծքավանդակի ձախ կեսին էր: 60-ամյա տղամարդն ի վիճակի չէր բացատրություն տալու: Օպերատիվ խումբը բուժհաստատություն հասնելուց րոպեներ անց մեկնեց Էջմիածնի Օստրովսկու փողոց, որտեղ, ըստ տեղեկությունների, դանակահարվել էր տղամարդը: Օստրովսկու փողոցում արնանման հետքեր կային: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի քրեական հետախույզները պարզեցին՝ ինչ էր կատարվել: Ըստ տեղեկությունների՝ 60-ամյա տղամարդուն դանակահարել էր ազգականը, որի «Մերսեդեսը» տարածքում էր: Շուտով հայտնի դարձավ, որ նա ևս թաղամասում է, ավելին՝ հրազենով զինված: Դեպքի վայր ժամանեցին ոստիկանական նոր ուժեր, նաև քննիչներ ու փորձաքրեագետներ: Քրեական հետախույզները, խմբերի բաժանված, սկսեցին որոնողական միջոցառումները: Այդ ընթացքում 40-ամյա տղամարդը, տեսնելով ոստիկանության ծառայողներին, ինքնաձիգով անկանոն կրակոցներ արձակեց նրանց ուղղությամբ ու կրկին անհետացավ մթության մեջ: Արդեն մոտավոր հայտնի դարձավ նրա թաքնվելու վայրը, որտեղից տղամարդը պահանջում էր, որ ոստիկանները հեռանան՝ սպառնալով կրկին կրակել: Իրավապահները սկսեցին բանակցել՝ համոզելով զենքը վայր դնել ու մոտենալ իրենց: Այդ ընթացքում լսվեց ևս մեկ կրակոց: Քրեական հետախույզների խմբերը տարբեր ուղղություններով զգուշորեն մոտեցան ու տեսան, որ տղամարդը կրակել էր իր ծնոտին: Վաղարշապատի ոստիկանները նրան անմիջապես հասցրին հիվանդանոց: Հանցագործության գործիք ինքնաձիգն առգրավվել է: Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: `

Lragir.am,
22-04-2021 15:26