Նախընտրական համաներում՝ անարդար պայմաններում․ «Ժողովուրդ»

04-05-2021 08:41

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարության կողմից ներկայացրած «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» նախագիծն առաջացրել է իրավապահ համակարգի դժգոհությունը: Այն այսօր պետք է քննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում: Ըստ արդարադատության նախարարության տվյալների՝ օրենքը կարող է տարածվել 5131 քաղաքացու նկատմամբ: Սակայն դեռ խորհրդարան չհասած՝ արդեն իսկ բուռն քննադատության է արժանացել նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իրավապահ համակարգում արդեն իսկ դժգոհում են, թե պետք է համաներում կիրառվի ոչ թե երկիրը լքած տղաների, այլ 44-օրյա պատերազմի ժամանակ անհավասար մարտից մազապուրծ եղածների նկատմամբ, որոնք մեղադրվում են մարտական դիրքը լքելու համար: Նշենք, որ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ 2020 թվականի տարեկան զեկույցի, ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքերով հարուցվել է 1445 քրեական գործ: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրականում մեղադրյալի աթոռին հայտնված անձանց թիվը ավելի մեծ է, այն հասնում է մոտ 8 հազարի: Եվ, ահա, իրավապահ համակարգն ավելի կողմ է, որ համաներվեն այս մարդիկ, ոչ թե հայրենիքից փախածները, որոնք հիմա իշխանություններին պետք են ընտրական գործընթացներին մասնակցելու համար»:

Lragir.am,
04-05-2021 08:41