Արցախի բոլոր շրջկենտրոններում ու գյուղերի ընդգրկմամբ կներդրվի սոցիալական ծառայությունների համակարգ

04-05-2021 10:00

Արցախում մայիսից աշխատանքի կանցնեն Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի 17 մասնագետներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը: «Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ՝ Արցախում ներկայումս պատրաստվում են 25 սոցիալական աշխատողներ: Բացի այդ, հունիսից կմեկնարկի 50 սոցիալական աշխատողների ուսուցումը՝ գյուղերում  աշխատելու համար»,-մանրամասնեց Անտոնյանը՝ հավելելով, որ Ստեփանակերտում և շրջկենտրոններում կստեղծվեն սոցիալ-հոգեբանական ծառայություններ, որպեսզի այդ ծառայությունները մոտ լինեն մարդկանց: Խոսելով սոցիալ-հոգեբանական ծառայությունների տեսակներից, Անտոնյանը կարևորեց հետպատերազմական Արցախում դրանց անհրաժեշտությունը՝ մարդկանց հոգեբանական վերականգնման և նախաձեռնողականության խթանման առումով: «Սոցիալ-հոգեբանական ծառայությունները ներառում են առաջինը՝ տեղեկատվության տրամադրում, փոխանցում և աջակցություն բնակչությանը, որպեսզի նրանք կարողանան ձեռք բերել իրենց սոցիալական իրավունքներն ու երաշխիքները: Երկրորդը՝ կոնսուլտացիոն հանդիպումներ, թերապևտիկ ու  ադվոկատիվ աշխատանք»,-նշեց Հայաստանի սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի ղեկավարը՝ մանրամասնելով, որ սոցիալական աշխատողներն իրենց աշխատանքի շրջանակներում կապող օղակ են հանդիսանալու  բնակչության  ու պետության միջև: «Եթե մենք տեսնում ենք, որ  կառավարության ընդունած որևէ որոշում պետական երաշխիքներից դուրս է թողնում որոշակի թվով մարդկանց, որոնց հետ մենք աշխատում ենք, ապա կառավարությանը ներկայացնելու ենք, որ այդ որոշումը փոփոխության ենթակա է»,-ասաց Անտոնյանը: Անդրադառնալով սոցիալական ծառայությունների ներդրման երկարաժամկետ ծրագրերին՝ նա տեղեկացրեց, որ բացի սոցիալ-հոգեբանական ծառայությունների շրջանային 4 կառույցներից, նախատեսում են մասնագետներ ունենալ Արցախի բոլոր՝ 110 համայքներում: Անտոնյանի խոսքով՝ սոցիալական աշխատողների աշխատավարձն առայժմ տրամադրելու է Արցախի կառավարությունը, սակայն փնտրվում են նաև այլ հնարավորություններ: Նրա հաղորդմամբ՝  սոցաշխատողների պատրաստմանը զուգահեռ՝ Արցախի կառավարությունը սկսելու է  հաստիքների և ծառայությունների ստեղծման գործընթացը: Տարեվերջին նախատեսվում է Արցախի պետական համալսարանում մագիստրոսական ծրագրի ստեղծման գործընթացը մասնագետների պատրաստման գործընթացը շարունակական դարձնելու նպատակով:

Lragir.am,
04-05-2021 10:00