Միջազգային հանրությանը պետք է համոզել, որ գործուն միջոցներ ձեռնարկվեն Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը ոչնչացնելու դեմ

04-05-2021 10:58

Միջազգային հանրությանը պետք է համոզել, որ գործուն միջոցներ ձեռնարկվեն Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելու գործողությունների դեմ: Այս մասին ԱԺ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Ըստ նրա՝ «շինարարական և վերանորոգման» աշխատանքների շրջանակներում Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը քանդվել է և վերադարձվել 1992 թվականի վիճակին: «Գմբեթը դեռևս 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ունեցել է այն տեսքը, որն ուներ մինչ քանդվելը: Եվ սա արվում է հստակ պատճառներով: Առաջինը՝ վերացնել հայկական ինքնության վերաբերյալ ցանկացած նշում Ադրբեջանում: Եվս մեկ անգամ ընդգծել Ադրբեջանի հայատյաց վերաբերմունքը, վերացնել այն ճարտարապետական դոմինանտան, որը Շուշիում մշտապես լինելու էր բարձր ու տեսանելի ամեն հատվածից և ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Ադրբեջանը չի ցանկանում որևիցե եղանակով հանդուրժել որևիցե էթնիկ հայի ներկայությունն այդ տարածաշրջանում»,- ասաց նա: Վլադիրմիր Վարդանյանը նշեց, որ Քրեական օրենսգրքի նոր նախագծում միջազգային հանցագործությունների շարքում իր նախաձեռնությամբ ավելացվել է հանցագործություն, որը վերաբերում է ազգային ռասայական, կրոնական կամ այլ պատկանելության պատճառով որևիցե խմբի մշակութային արժեքների ոչնչացմանը: «Եվ ուզում եմ տեղեկացնել իմ բոլոր գործընկերներին, որ նախատեսում եմ և բարեկամության խմբերի ղեկավարներին, որոնց հետ սերտ համագործակցում ենք, և համաշխարհային հոգևոր առաջնորդներին սրա վերաբերյալ իրազեկել: Եվ կոչ եմ անում, որպեսզի յուրաքանչյուրս կատարի այդ պարտավորությունը, որովհետև սա այն նույն ձեռագիրն է, որը կիրառվեց Թուրքիայում, երբ Սոֆիան կրկին վերածվեց մզկիթի: Սա այն նույն ձեռագիրն է, որը տեղի ունեցավ Ջուղայում: Եվ եթե մենք չարձագանքենք և չստիպենք, որ միջազգային հանրություն սկսի արձագանքել այս իրավիճակին, մենք ունենալու ենք կրկին ոչնչացված հուշարձաններ»,- հավելեց նա: 

Lragir.am,
04-05-2021 10:58