Իմ գործընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության. Տարոն Սիմոնյանը՝ Իմ քայլին

04-05-2021 11:12

«Իմ գործընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության, և իմ գործընկեր պարոն Վարդանյանը վերադարձավ նաև իր հիմնական մասնագիտական առաքելություն՝ միջազգային մարդասիրական իրավունք և ընդգծեց, որ, այո, Շուշիում տեղի ունեցածը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,- ԱԺ նիստում դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Հնչեցված արտահայտությունը վիրավորական էր մեզ համար: Հայամետ քաղաքականության թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են այդ քաղաքականությունից»: Տարոն Սիմոնյանը շարունակեց. «Ես ամեն դեպքում զարմանալիորեն ուրախացա, որովհետև մեր գործընկերները ճիշտ բառապաշարով ընդգծեցին Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը: Իմ խնդրանքը և ամիսների հորդորը ի վերջո տեղ հասավ: Եվ հուսով եմ, որ այս բառապաշարը մենք ճիշտ կօգտագործենք, որովհետև իրականում այն, ինչ տեղի է ունեցել Շուշիում և նաև Արցախի օկուպացված մյուս տարածքներում, դա ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր: Եվ այդ ցեղասպանության շարունակությունն ըստ էության դրսևորվում է էթնիկ զտումներով, գերիների նկատմամբ նման վերաբերմունքով: Եվ սա կրկին անգամ փաստում է, որ որևէ քաղաքական գործիչ ՀՀ-ում, ում խոսքը հանրային նշանակություն ունի, իրավունք չունի բարեկամական հարաբերությունների մասին խոսել Ադրբեջանի հետ, մի պետության հետ, որը նման ցեղասպան քաղաքականություն է վարում»: Ըստ Տարոն Սիմոնյանի՝ մենք պետք է մեր դիրքորոշումները հստակեցնենք և պարզ լինենք միջազգային հանրության առաջ, որպեսզի նույն միջազգային հանրությունն արձագանքի Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը: Այլապես, եթե մենք բարեկամությունից խոսենք, իսկ Ադրբեջանը շարունակի իր հակահայ քաղաքականությունը, միջազգային հանրությունը չի հասկանա մեզ:

Lragir.am,
04-05-2021 11:12