Քննարկվում է հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը

04-05-2021 11:44

ԱԺ նիստում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ծառայությունից խուսափած անձանց, վերադառնալով հայրենիք, իրենց սեփական ավանդը ներդնել ՀՀ տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտների զարգացման գործում: Նախագծի ընդունման հիմքում դրված է նաև հետպատերազմյան հետևանքերի հնարավորինս մեղմումը, ինչպես նաև մարդասիրության և համերաշխության սկզբունքների դրսևորումը: «Նախագծի այս տարբերակով նախատեսվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայի՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափած և Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ»,- ասաց փոխնախարարը: Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակաշրջանում, ըստ Արմեն Հովհաննիսյանի, նախատեսվում է նախագծում կատարել փոփոխություններ, որոնց իմաստը հետևյալն է: Համապատասխան անձանց 27 տարին լրանալը կապվելու է ոչ թե 2020 թվականի սեպտեմբերի 26-ի, այլև օրենքը ուժի մեջ մտնելու օրվա դրության հետ: Այսինքն՝ ընդլայնվելու է համաներման շահառուների շրջանակը: «Բացի այդ, նախատեսվում է նաև փոփոխություն կատարել և համաներումը կիրառել ոչ միայն 327-րդ հոդվածի 1-ին, այլ նաև 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ մեղադրվող, կասկածվող կամ դատապարտված անձանց նկատմամբ: Այս փոփոխություն կատարելը պայմանավորված է նրանով, որ այն պայմաններում, երբ 27 տարին լրանալը կապվում է ոչ թե 2020 թվականի սեպտեմբերի 26-ի, այլ օրենքը ուժի մեջ մտնելու օրվա դրության հետ, այն  ընդգրկում է նաև 2020 թվականի դեկտեմբերի 25-ի զորակոչը: Ստացվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի զորակոչից խուսափած անձինք համապատասխան արարքը կատարել են ռազմական դրության ժամանակ: Այս պայմաններում համաներումը նախատեսվում է կիրառել նաև 327-րդ հոդվածի 3-րդ մասով»,- մանրամասնեց Արմեն Հովհաննիսյանը: Ըստ փոխնախարարի՝ այս համաներումը չի կիրառվելու նախատեսվող փոփոխություններից հետո զորահավաքային զորակոչից, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից և վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ:

Lragir.am,
04-05-2021 11:44