Վարչապետը պետք է շատ հստակ հայտարարի, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ չէ նկատի ունենալու նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, քանի դեռ գերիները ազատ չեն արձակվել

Մեր զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը Կալիֆորնիայի դեմոկրատների համաժողովը բանաձև է պատրաստել, որով ԱՄՆ վարչակազմին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ և ճնշումներ բանեցնելով պահանջել հայ գերիների ազատ արձակումը: Այս գործընթացներն ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո նաև Արցախի հարցի հետ կապված ԱՄՆ կողմից կա որոշակի աշխուժացում, հիմա էլ գերիների հետ կապված բանաձև է ներկայացվում: Ի՞նչ կարող ենք ակնկալել այդ բանաձևի ընդունումից: Այդ բանաձևը դեռ նոր է ներկայացվել, որը դեռ օգոստոսին նոր պետք է քննարկեն ու որոշեն՝ ընդունել, թե ոչ: Այդ բանաձևը պարզապես ներկայացվել է, մի քանի ամիս պետք է դեռ սպասենք: Բայց անկախ դրանից, անշուշտ դա շատ օգտակար է: Միայն այս բանաձևը չէ, ինչպես գիտենք, տարբեր երկրներում հայկական կողմն անընդհատ բարձրացնում է մեր գերիների հարցը, ինչպես նաև ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ԱՄՆ Կոնգրեսում, ամենուրեք: Որովհետև ցանկացած գործողություն, որը հակասում է Ժնևյան կոնվենցիային, մենք դրանց մասին պետք է բարձրաձայնենք, չենք կարող հանգիստ նստել, քանի դեռ մեր գերիները բանտարկված են և ամեն տեսակի խոշտանգումների են ենթարկվում, ոտնահարվում են միջազգային բոլոր օրենքները, սկզբունքներն ու կոնվենցիաները: Կարծում եք՝ միջազգային այս ճնշումը կհանգեցնի՞ գերիների վերադարձի հարցում որոշակի արդյունքի: Բաքուն ստիպված կլինի հանձնե՞լ մեր գերիներին: Ոչ ոք հստակ չի կարող ասել, թե արդյոք ճնշումների արդյունքում Ադրբեջանը բաց կթողնի գերիներին, թե ոչ: Բայց եթե լուռ մնանք, ոչինչ չխոսենք, մեր լռությունը երբեք չի օգնի գերիներին: Պետք է ամեն ինչ փորձենք, իսկ ամենից ուժեղ միջոցառումը պետք է լինի Հայաստանի վարչապետի մակարդակով: Նա պետք է շատ հստակ հայտարարի թե Ռուսաստանին, թե Ադրբեջանին, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ չէ նկատի ունենալու նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, քանի դեռ գերիները ազատ չեն արձակվել: Այս հայտարարությունը նա պետք է դեռ ամիսներ առաջ արած լինել: Ոչ մի իմաստ չունի խոսել հաղորդակցության ճանապարհների բացման մասին, այդ ամենը անիմաստ խոսքեր են, ոչ մի քայլ չպետք է անենք մինչև Ադրբեջանը բաց թողնի բոլոր գերիներին: Ասեմ նաև, որ վարչապետի մակարդակով ևս մեկ լուրջ բացթողում կա, որի արդյունքն է գերիներին այսքան երկար պահելը: Երբ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ներկայացվեց ստորագրության, մենք տեսնում ենք, որ զանազան կետերի համար ժամկետներ են դրվել, բայց գերիների փոխանակման ոչ մի ժամկետ չկա: Եթե այս հարցում ժամկետ նշվեր հայտնի համաձայնագրի մեջ, շատ ավելի հեշտ կլիներ այս հարցի լուծումը: Ցեղասպանության ճանաչումից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման համար ի՞նչ առաջնահերթություններ պետք է լինեն: Ինչպե՞ս եք գնահատում այս փուլը և ինչ պետք է անի հայկական կողմը: Քիչ առաջ կարդում էի, որ վարչապետը խորհրդարանում իր ելույթի ժամանակ 4 պատճառ էր նշել, թե ինչու Բայդենը ճանաչեց Ցեղասպանությունը: Պատճառներից քանիսը ճշգրիտ էին, բայց դրանց շարքում վարչապետը նշեց, որ պատճառներից մեկը Արցախի պատերազմն էր: Ես այդպես չէի ասի. Արցախի պատերազմը ոչ մի կապ չունի Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման համար: Բայդենը նոր չէ, որ որոշեց ճանաչել Ցեղասպանությունը: Այդ մարդը 40 տարի բարձր պաշտոններ է ունեցել՝ սենատոր, փոխնախագահ, և միշտ կողմնակից է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հայկական համայնքը շատ մոտիկից իր հետ առնչվել է, հանդիպումներ է ունեցել, խոսել են, Սենատում երբ հայանպաստ բանաձևեր են եղել, ինքը կողմնակից է եղել: Այսինքն սա երկարամյա դիրքորոշման արդյունք է, ոչ թե որոշում է կայացվել վերջին մի քանի ամիսներին: Նույնիսկ երբ որ ԱՄՆ արտգործնախարարը խոսեց Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ, ասաց, որ նախագահ Բայդենը երկարամյա որոշում ուներ, որ պետք է այս հարցը լուծի: Քանի որ Բայդենն ընդունեց Ցեղասպանությունը, դա շատ դրական ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա: Սա մի նոր ճանապարհ կբացի, պատճառ կդառնա, որ էլ ավելի մտերմանան Հայաստանն ու Ամերիկան, այդ թվում նաև Կոնգրեսի մակարդակով, որտեղ մենք արդեն ունենք բազմաթիվ կոնգրեսականներ, որոնք կողմնակից են մեզ: Նրանք էլ մեզ կօգնեն, որ հայ-ամերիկյան հարաբերությունները լավանան, կնպաստեն գերիների ազատ արձակմանը, տնտեսական կապերի խորացմանը, Արցախի գաղթականներին հավելյալ գումար հատկացնելուն: Սա պետք է անենք միասնաբար, ամերիկահայորթւունը որպես ԱՄՆ քաղաքացիներ իրավունք ունեն իրենց նամակները ներկայացնել կառավարությանը, իսկ ՀՀ կառավարությունն էլ իր աշխատանքի բաժինն ունի որպես պետություն հարաբերություններ հաստատել մեկ այլ պետության, տվյալ դեպքում ԱՄՆ-ի հետ: Այստեղ գործ ունի անելու թե Հայաստանը, թե Սփյուռքը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
04-05-2021 13:17