Մենք ռուս-թուրքական բարեկամության համար կորցնելու հայրենիք չունենք, մատաղ անելու սերունդ չունենք. Քաղաքագետ

14-05-2021 17:21

Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է անհապաղ պատրաստի Հայաստանի սահմանների անվտանգության հարցով ԱՄՆ-ին որ Արևմուտքին դիմելու տեքստը: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերով ասաց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը: Ըստ նրա՝ զուգահեռ, Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղղությամբ: «Ի՞նչ է տեղի ունեցել՝ արտգործնախարար Լավրովի  հայտնի այցից հետո տեսնում ենք սահմանային լարվածություն, ադրբեջանական կողմից լկտի պահվածք: Եվ սրան չկա բացարձակ որևէ հակազդեցություն: Երեկ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում հանձնարարական հնչեցվեց, որ պետք է դիմել ՀԱՊԿ-ին և միջոցներ ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ-ը կարողանա պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները: Այսօր ՀԱՊԿ-ը լղոզված պատասխան է տալիս, թե՝ գիտեք ինչ կա, ՀՀ-ն մեզ չի դիմել: Դրան հաջորդում է ՌԴ նախագահ Պուտինի խոսնակ Պեսկովի հարցազրույցը, թե իբր հայկական կողմը ռուսական կողմին չի դիմել»,- ասաց նա: Հարություն Մկրտչյանը նշեց, որ դիվանագիտական կորպուսը պետք է սթափվի և պատրաստի ԱՄՆ-ին ու առհասարակ Արևմուտքին ուղղված դիմում: «Երեկ մենք տեսանք նաև Ֆրանսիայի արձագանքը, Ֆրանսիայի նախագահի հեռախոսազանգը, գրառումը, պատրաստակամությունը: Պատրաստեք տեքստերը և դիմեք Արևմուտքին, որովհետև, այո, եկել է պահը, որպեսզի մենք մեզ հետ անկեղծ լինենք: 30 տարի շարունակ մեզ համար անվտանգության երաշխավոր է եղել Ռուսաստանը: Անվտանգության համակարգի թիվ մեկ կառույց և խաղացող եղել է ՀԱՊԿ-ը: Եվ երբ այսօր Սյունիքում ու Գեղարքունիքում տեսնում ենք հակառակորդի լկտի պահվածքն ու ոտնձգությունը ՀՀ սուվերեն տարածքի վրա ու տեսնում ենք այս կառույցների ու Ոուսաստանի ոչ համարժեք արձագանքը, ապա առնվազն այս պահին մենք բարոյական իրավունք չունենք նրանց հետ ճանապարհ շարունակելու: Դիմեք միջազգային հանրությանը և զուգահեռաբար պատրաստեք ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու տեքստերը ևս: Մենք այլևս ռուս-թուրքական բարեկամության արդյունքում կորցնելու հայրենիք չունենք, մատաղ անելու սերունդ չունենք: Մեկը չկա հարցնի՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, ո՞վ է շեղվում նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ռուսական ու ադրբեջանական կողմե՞րը: Թե՞ հայտնի սցենար է մշակված, ու նորից ուզում են ջարդել հայկական կողմի վրա այս ամենը: Չի լինելու դա այլևս, սա կարմիր գիծն է, որը մենք իրավունք չունենք հատելու: Ուզո՞ւմ են Կովկասը պահել, թող ատամներով պահեն ՀՀ սուվերեն սահմանները: Չեն պահի, դատապարտված են կորցնել Կովկասը: Մենք ավելորդ 102-րդ ռազմաբազա չունենք պահելու և ՌԴ  հետ կեղծ դաշնակցային հարաբերություններ շարունակելու տարբերակ էլ չունենք»,- ասաց նա: Հարություն Մկրտչյանը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ արեց երկիրը չտանել արյունահեղության: Նա նշեց, որ երկիր ու պետականություն կորցնելու շեմին ենք կանգնած, քաղաքական ուժերը պետք է ուշքի գան: «Քաղաքական ուժերին եմ դիմում՝ բոլորին անխտիր՝ սկսած իշխանությունից, վերջացրած ընդդիմությունով: Այս իրավիճակում, եթե դուք ՀՀ-ն ու նրա ժողովրդին տարաք նոր արկածախնդրության, նոր արյունահեղության՝ հանուն ոչնչի, ապա ձեր գերեզմանափոսը մեկ վայրում է լինելու: Աստված չանի, այդ ամենը տեղի ունենա, ուրեմն դուք բոլորդ ծառայում եք մեկ տիրոջ և բոլորդ հանդիսանում եք օտարերկրյա գործակալական ցանցի անդամներ: Ուստի, սթափվեք և պատրաստվեք: Ձեր կուսակցական դրոշները գցեք մի կողմ: Ես խոսում եմ արտաքին քաղաքականության մեջ լրջագույն փոփոխություն անելու ու ՀՀ-ն պաշտպանելու մասին: Սթափ գնահատեք իրավիճակը՝ հայտնի այց եղավ Երևան ու Բաքու, որին հաջորդեց Հայաստանի սահմաններին այս իրավիճակը»,- ասաց նա:

Lragir.am,
14-05-2021 17:21