Հայաստանը պետք է անհապաղ դիմի ՄԱԿ Անվտանգության խորհրդին. հայտարարություն

14-05-2021 17:35

Նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումն ակնհայտ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների նկատմամբ և ՀՀ տարածքային ամբողջականության խախտում է: Ակնհայտ է, որ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումների և գործընթացների արդյունքում փորձ է արվում ոտնահարել Հայաստանի շահերը: Հայաստանն իրավունք չունի ընկրկելու որևէ աշխարհաքաղաքական պրոցեսի նկատմամբ, որը ոտնահարում է ՀՀ ինքնիշխանությունն ու միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքը: Հայաստանի Հանրապետությունն անհապաղ պետք է ձեռնարկի հստակ քայլեր՝ թշնամու զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից ժամ առաջ հեռացնելու ուղղությամբ: Մեր գնահատմամբ խնդրի հանգուցալուծման երկու  ճանապարհ կա՝ քաղաքական-դիվանագիտական կամ ռազմական: Որպես առաջնային քայլ Հայաստանը պետք է՝ Անհապաղ դիմի ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները և տարածքային ամբողջականությունը վերականգնելու հստակ պահանջով: Անմիջականորեն պետք է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, նաև որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրներ, պահանջելով վերջիններից գործուն քայլերի իրականացում Ադրբեջանի զինված ուժերին միջազգայնորեն ճանաչված ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու համար: Միևնույն ժամանակ մենք՝ որպես ինքնիշխան պետություն, պարտավոր ենք ամենասեղմ ժամկետներում կազմակերպել ՀՀ սահմանների պատշաճ ռազմական պաշտպանությունը: Նաև վտանգավորության աստիճան մտահոգիչ ենք համարում ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության ակնհայտ կրավորական պահվածքը այս օրհասական իրավիճակում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՌԴ ինքն է ստանձնել հիմնական միջնորդի պարտավորությունը, ավելին՝ որպես ՀՀ ռազմավարական դաշնակից պայմանագրային մի շարք պարտավորություններ ունի ՀՀ նկատմամբ: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության կողմից հստակ և գործուն քայլեր, քանզի միմիայն բարոյական աջակցության մասին հերթապահ հայտարարությունները խնդիրը չեն լուծի, ավելին՝ ստեղծված իրավիճակում անգործությունը կհանգեցնի տարածաշրջանում իրավիճակի շեշտակի վատթարացման, ուստի պետք է ժամ առաջ  պատրաստ լինենք ցանկացած տիպի զարգացման և մեր ռազմաքաղաքական լիարժեք ինքնապաշտպանությունը կազմակերպելուն: Ազատ Դեմոկրատներ Կուսակցություն

Lragir.am,
14-05-2021 17:35