Կայացել է Վաղարշակ Հարությունյանի և Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը

14-05-2021 17:47

Մայիսի 14-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Վաղարշակ Հարությունյանը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում Սյունիքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները: Շեշտելով իրադրության խաղաղ հանգուցալուծման կարևորությունը, միևնույն ժամանակ, Վաղարշակ Հարությունյանն անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ այսօրինակ սադրանքները, նշելով, որ դրանք էապես վտանգում են առանց այն էլ փխրուն խաղաղությունը՝ սպառնալիք հանդիսանալով նաև տարածաշրջանային անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը, ստեղծված իրադրության առնչությամբ պաշտնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանն ու Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց էին ունեցել նաև մայիսի 13-ի երեկոյան, որի ավարտից հետո ՀԱՊԿ մամուլի ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշվում էր. «Կազմակերպությունում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձություններին: Իրավիճակի զարգացմանը զուգահեռ, անհրաժեշտության դեպքում, գործողություններ կձեռնարկվեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնակարգի համաձայն»:

Lragir.am,
14-05-2021 17:47