ԱԺ հայտարարության մեջ պետք է գնահատվի այս պահին Ռուսաստանի և ՀԱՊԿ շատ կրավորական պահվածքը․ Արման Բաբաջանյան

14-05-2021 18:49

ԱԺ արտահերթ նիստում պատգամավոր Արման Բաբաջանյանը հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին: Հիշեցնենք, որ արտահերթ նիստի օրակարգում «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում եւ Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության եւ անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» հարցն է: «Դուք ընթերցիք ԱԺ հայտարարության նախագիծը, բայց այնտեղ ոչ մի բառ չկա մեր ռազմավարական գործընկերոջ ստանձնած պարտավորությունների մասին: ՀԱՊԿ-ին ենք մենք դիմել երկրորդ հոդվածի հիմքով, և ըստ էության մենք դեռ համարժեք պատասխան չենք ստացել այդ կազմակերպությունից: Ռուսաստանը Մինսկի խմբի միակ երկիրն է, որը դեռևս չի արձագանքել ստեղծված իրավիճակին՝ գոնե պաշտոնապես: Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարություններ ունենք Ֆրանիսիայից, ԱՄՆ պետքարտուղարությունից, Ռուսաստանը երրորդ օրն է՝ շարունակում է պահպանել մեզ համար անհասկանալի լռություն: Մինչդեռ Ադրբեջանը, թքած ունենալով, Ռուսաստանի և ՀԱՊԿ պատասխանատվության գոտի համարվող Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություն է իրականացրել»,- ասաց Բաբաջանյանը: Նրա խոսքով՝ այս հայտարարության մեջ պետք է գնահատվի այս պահին Ռուսաստանի և ՀԱՊԿ շատ կրավորական պահվածքը ստեղծված աննախադեպ իրավիճակի կապակացությամբ: Արման Աբովյանն ի պատասխան ասաց․ «Քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ընթանում են միջպետական որոշակի գործընթացներ, ապա նպատակահարմար չէ սևեռվել: Հիշեցնեմ, որ թե Սյունիքում, թե այն վայրերում, որտեղ հիմա գնում է էսկալացիա, կանգնած են ոչ թե ֆրանսիական կամ ամերիկյան զորքերը, այլ կանգնած են մեր ռազմավարական, եղբայրական պետության զինվորները, որոնք մեզ հետ հավասարապես այսօր վարում են աշխատանքներ, պայքարում են՝ այդ խնդիրները լուծելու համար: Եվ հավատացնում եմ ձեզ, որ դա ամենակարևոր զսպող հանգամանքն է, որը զսպում է ագրեսորին: Լռություն-չլռությունը մի քիչ լայն հասկացություն է այն առումով, որ Ռուսաստանի Դաշնությունը հաստատ չի լռում: Եվ հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ բավական ինտենսիվ գործըթնացներ են ընթանում միջպետական մակարդակով: Ես համոզված եմ, որ մեր ռուս գործընկերները անում են, արել են և կանեն ամեն  ինչ, ինչը բխում է ՀՀ և հայ ժողովրդի շահերից»: Արման Բաբաջանյանը հավելեց․ «Էլ ի՞նչ պետք է լինի, որպեսզի մենք որոշակի վերաբերմունք հայտնենք այս անպատասխանատվության վերաբերյալ: Ըստ էության, կա տեսակետ ու համոզում, որ առանց Ռուսաստանի թողտվության Ադրբեջանը չէր կարող դիմել այսպիսի արկածախնդրության: Եվ գոնե մեկ անգամ 30 տարվա ընթացքում պետք է անկեղծ լինենք մեր գործողություններում և իրերը պիտի կոչենք իրենց անուններով՝ Ռուսաստանն այս ամենի մեջ մասնակցություն ունի՞, թե՞ ոչ: Չի բացառվում, որ օգտվելով արտահերթ ընտրությունների և ԱԺ լուծարման այս ամբողջ գործընթացից՝ Ռուսաստանը դիմել է այսպիսի սադրանքի»: Արման Աբովյանը նշեց․ «Դու ասում եք՝ ռուսները այնտեղ էին, 3 կմ եկան, եթե ռուսները կանգնած չլինեին, ինչքա՞ն կգային: Եկեք մի հատ էս տեսանկյունից նայենք: Ես հասկանում եմ, որ այսօր հակառուսական տրամադրություններ գեներացնելը վնասում է, վտանգում է ՀՀ-ին: Այսօր մեր ռազմավարական գործընկերոջ հանդեպ յուրաքանչյուր ոչ մոտիվացված արտահայտություն բացառապես աշխատում է թուրքերի ու ադրբեջանցիների օգտին»:

Lragir.am,
14-05-2021 18:49