Գնահատելով գիտության զարգացմանը միտված հերթական դրական քայլը՝ «Գիտուժ»-ը վերահաստատում է իր պահանջը

14-05-2021 18:45

«Գիտուժ» նախաձեռնության հայտարարությունը՝ գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացման՝ Կառավարության մայիսի 13-ի որոշման կապակցությամբ: Գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացումը հերթական դրական քայլն է ճիշտ ուղղությամբ: Այն աննախադեպ է իր բնույթով և ծավալով, սակայն, ցավոք, հիմնաքարային փոփոխություններ իրականացնելու տեսանկյունից հերթական կիսաքայլն է: Գնահատելով և տոնելով դրականը՝ «Գիտուժ»-ը վերահաստատում է իր պահանջը: «Գիտուժ» նախաձեռնությունը բարձր և դրական է գնահատում գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացման հանձնառությունը: Այդ քայլն ինքնին անհրաժեշտ դրական ազդակ է գիտական համայնքի համար, որը, միանշանակ, կառաջացնի որոշակի աշխուժություն: Սակայն ժամանակն է դրական և նույնիսկ աննախադեպ քայլերից անցնել ռազմավարական և համակարգային գործողությունների: Մտահոգիչ է, որ այդպես էլ չի գիտակցվում հենց-հիմա-և-այստեղ շեշտակի ներդրում անելու հստակ և անքննարկելի անհրաժեշտությունը: Լավ է, որ բազային աշխատավարձերի բարձրացման հանձնառությունը 1-2 տարով չի սահմանափակվում և համեմատաբար երկարաժամկետ է(մինչև 2025թ.), սակայն, ցավոք, սկսվում է միայն հաջորդ տարվանից և բավարար շեշտակի չէ: Ստիպված ենք հիշեցնել Հայաստանի զարգացման և անվտանգության առջև ծառացած խնդիրների օրհասական բնույթը, որն անընդունելի է դարձնում ժամանակի ցանկացած կորուստ: Առկա գիտական ներուժում ներհոսքի և արտահոսքի ծայրահեղ բացասական հարաբերակցությունը հատել է բոլոր կարմիր գծերը, և ամեն մի կորցրած ամիսն ու տարին հետագայում վերականգնելը պահանջելու է շատ ավելի մեծ ներդրումներ և ժամանակ կամ, պարզապես, դարձնելու է անհնարին: Կորցրած ժամանակը բազմապատիկ չափով է հետաձգելու երկրի զարգացման հնարավորությունները՝ կրթությունից մինչև անվտանգություն: «Գիտուժ» համայնքը բարձրաձայնել և շարունակելու է բարձրաձայնել համակարգային և ռազմավարական ներդրումների անհրաժեշտության մասին: Տեղային կիսաքայլերը, ինքնին դրական լինելով, կարող են նույնիսկ կողմնակի բացասական հետևանք ունենալ՝ առաջացնելով բարձր արդյունավետության սպասումներ, որոնց չարդարացումը կբերի բնական հիասթափության և վերջնարդյունքի գնահատակի խեղաթյուրման, որն էլ իր հերթին կարգելակի հետագա ներդրումները: Մեկ ուղղությամբ դրական քայլը անհրաժեշտ է համադրել հարակից ուղղություններում համաչափ ներդրումների հետ համապատասխան արդյունավետության հասնելու համար: Մասնավորապես՝ ասպիրանտական տեղերի ու կրթաթոշակների կտրուկ ավելացում, Սփյուռքի գիտնականների և ճարտարագետների ներուժի ներգրավվում, հայրենադարձություն, գերակա ուղղություններում գերազանցության կենտրոնների ստեղծում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կիրառական հետազոտությունների վրա, գիտական հետազոտությունների ու փորձարարական մշակումների պետական պատվերի ձևավորում, մասնավոր պատվերի խթանում, պետական համաֆինանսավորման մեխանիզմով` արտասահմանյան գիտական դրամաշնորհների ներգրավում և մասնավոր հատվածից պատվերների խրախուսում: Մենք վերահաստատում ենք մեր պահանջը և դրա լիակատար իրականացմանը հասնելու հաստատակամությունը: Այս պայքարի ընթացքում «Գիտուժ» նախաձեռնության շուրջ ահռելի ինֆորմացիա, գիտելիք և ներուժ է կուտակվել, ինչով պատրաստ ենք կիսվել: Բաց ենք համագործակցության համար` կարճ ժամկետներում Հայաստանում գիտության կտրուկ զարգացմանը միտված ռազմավարական քայլեր իրականացնելու ուղղությամբ:

Lragir.am,
14-05-2021 18:45