«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

14-05-2021 18:56

Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» դաշինքը՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի եւ ՀՀ տարածքային ամբողջականության խախտմանը: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների այսպես կոչված՝ խաղաղասիրական քաղաքականությունից, հանցավոր անգործությունից, ամենաթողությունից, խախտել է մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով: Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում մեզ համար անվտանգային լրջագույն սպառնալիքներ են առաջացել: Իրավիճակը հղի է ռազմական լայնամասշտաբ բախման վտանգով՝ նոր պատերազմով եւ տարածաշրջանային անկայունության պոտենցիալով: ՀՀ զինված ուժերը պարտավոր են ապահովել մեր սահմանների պաշտպանությունը: Օրվա իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ անկարող են ապահովել մեր երկրի ու քաղաքացիների անվտանգությունը, երաշխավորել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Չեն իրականացվում իրավիճակից բխող գործողություններ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարման փաստի կապակցությամբ եւ մեր սահմանների պաշտպանության համար: ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում լինել զգոն ու համախմբված, խուճապի չմատնվել եւ պատրաստ լինել զարգացումների ցանկացած սցենարի: Հա՛րգելի հայրենակիցներ, Համոզված ենք, որ պարտության ու խայտառակության խորհրդանիշ այս ապաշնորհ իշխանության առկայությամբ մեր երկրում հնարավոր չէ հաստատել արժանապատիվ խաղաղություն, կայունություն եւ բարեկեցություն: Ուստի Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայման ենք համարում ազգային ու նոր որակի իշխանության ձեւավորումը: «Հայաստան» դաշինքի քաղաքական խորհուրդ

Lragir.am,
14-05-2021 18:56