Սյունիքում կերտվում է նոր պարտություն. 2020-ի պատերազմից դաս չքաղած

14-05-2021 19:09

Սյունիքի եւ Գեղարքունիքի դեմ ռուս-թուրքական ոտնձգության առիթով կարելի է վստահ պնդել, որ պայծառ համաստեղությամբ շրջապատված Նիկոլ Փաշինյանի խնդիրը ոչ թե փորձի բացակայությունն է, այլ կարեւոր ասպարեզներում փորձ ձեռք բերելու բուն ունակության բացակայությունը: Արդյունքում՝ Բաքվի շլացուցիչ հաջողություններն են ՀՀ սահմանին Երաժշտական լսողությունից զուրկ մարդուն վստահվել էր սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարության վահանակը 4 տարի փորձնական ժամկետով՝ գուցե վերջում մի բան գլուխ հանի: Երանի դա լիներ: Իրեն նախորդած երեք նախագահներն էլ, անշուշտ, աչքի չէին ընկնում պատմական փուլերի հերթափոխը ըմբռնելու, գավառական սահմանափակությունը հաղթահարելու, ռազմավարական ծրագրավորում իրականացնելու ունակություններով: Ավելին՝ չորսն էլ միաբերան պնդում էին, որ ստրատեգիան ավելորդություն է Հայաստանի համար: Ամբողջ քառյակը՝ համայնքային կարգի խմբային ինտրիգների մենեջմենթի ներկայացուցիչներ են: Եթե նրանց հարցնեք՝ արդյոք նախատեսե՞լ էիք Սյունիքի սցենարի հավանականություն եւ դրա ղեկավարման միջոցներ, ապա, վստահ եղեք, չորսն էլ կասեին, թե ոչ, անսպասելի էր: Չէ որ Ռուսաստանը էս, համ էլ Ռուսաստանը էն, ախար կա միջազգայնորեն ճանաչված տարածք, իրավունքի նորմեր եւ այլն, եւ այլն, եւ այլն: Մինչդեռ պիտի արձանագրենք, որ այս չորսի հետ կողք-կողքի եւ միեւնույն ժամանակ ապրող աբշերոնյան վարչախմբին անպաճույճ հռետորաբանությամբ հաջողվել է ՀՀ տարածքի հալալ կեսի հանդեպ պատմական հավակնություն սահմանել: Իսկ պիոներական արշավի եղանակով արդեն միանգամայն որոշակի եւ դեռեւս ամենեւին չսպառված տարածքները հաջողվեց հռչակել վիճարկելի: Ռազմական գործողությունները ՀՀ կողմից, համենայնդեպս Մոսկվայում, դիտարկվելու են իբրեւ 2020 Նոյեմբեր 9-ի հրադադարի խախտում: Այսպիսի պայմանավորվածությունը, դատելով Բաքվի նախորդ օրվա ծավալուն հայտարարությունից, ձեռք է բերվել նախարար Լավրովի եւ անմիջապես Կրեմլի հետ: Սրանք հսկայական դիվանագիտական նվաճումներ են, որոնք Բաքվին թույլ են տալիս զարգացնել արդեն զինված նախաձեռնությունները բազմաթիվ ուղղություններով: Այսպիսով, հենվելով պատերազմի եւ հետպատերազմյա շրջանին վերաբերող Մոսկվա-Անկարա համաձայնությունների վրա, Բաքուն իրականացնում է բծախնդրորեն հաշվարկված ռազմավարական նախագիծ, որին միջազգային ասպարեզում դժվար կլինի դիմադրություն կազմակերպել: Հայաստան պետությունը ոչնչացնելու ռուս-թուրկական պլանի մասին է խոսքը, եթե կան մարդիկ, որ դեռ տարակուսում են, թե սա ինչ է: Կա՞ այսպես կոչված «ադրբեջանը» մեկընդմիշտ մոռացնել տալու հայկական ծրագիր: Գոյություն ունի՞ Նիկոլ Փաշինյանի ռազմավարություն: Ժպիտը տեղին կլիներ, եթե արդեն 5000-ից ավել նվիրյալներ հայրենի հողում չհանգչեին, ու Հայաստանի հսկայական տարածք չասպատակվեր: «Քաղաքական դասը», կեղծ բարիկադների տարբեր կողմերում դիրքավորված՝ մարդը մի բահ ձեռքին անխոնջ փորում է Հայրենիքի եղբայրական գերեզմանը: Մեր անտարբեր հայացքների ներքո: Ընտրություն անենք՝ ընտրություն չանենք, ռազմականը հանենք՝ ռազմականը մտցնենք, ՀԱՊԿ դիմենք՝ ՀԱՊԿ չդիմենք, միակ փրկիչ Պուտինին զանգենք՝ միակ փրկիչ Պուտինին չզանգենք միապաղաղ եւ կրկնվող շարժումները այդ դասի ողջ ընդունակությունն է: Մարդիկ ամլության հայտանիշով էլ ասպարեզ են եկել: Բայց, եթե կա գալը, գնալու ճանապարհն էլ կճարվի:

Lragir.am,
14-05-2021 19:09