Զանգեզուրը Հայաստանից կտրելու գործընթաց է գնում. Անդրանիկ Քոչարյան

14-05-2021 19:18

Զանգեզուրը Հայաստանի Հանրապետությունից կտրելու գործընթաց է գնում, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Զանգեզուրն արդեն ամիսներ շարունակ մենք ինքներս բզկտում ենք, դարձրել ենք քաղաքական հարցերի լուծման թատերաբեմ: Զանգեզուրի գործադիր իշխանության համարյա բոլոր ղեկավարները դարձել են ճանապարհներ փակող: Զանգեզուրը կտրում են Հայաստանի Հանրապետությունից, այդ տպավորությունը չեք ստանո՞ւմ: Հակառակորդն էլ կարար ուզենար մի բան էլ ինքը կտրեր»,- ասաց Անդրանի Քոչարյանը: Ըստ նրա՝ բանակցությունների ընթացքում խնդիրների լուծման բանալին կգտնվի: «Այստեղ ՌԴ դերը նսեմացնել պարզապես չի կարելի: Այդ գործընթացում ինքն ունի որոշակի մասնակցության ծանրակշիռ ներկայություն: Եվ դրա մեջ է լինելու նաև հնարավոր առանց հրադադարի ռեժիմը խախտելու գտնել լուծումներ: Եկեք ամեն ինչ անենք, որ էդ ռեժիմը չխախտենք: Այդ ռեժիմից է կախված, թե մենք Զանգեզուրից ինչ կունենանք»,- հավելեց Քոչարյանը: Ըստ նրա՝ Սյունիքում պետք է լինի արտակարգ կառավարում, որը ենթադրում է, որ ուժային և քաղաքացիական մարմինները միասնական կառավարման մեջ պետք է հայտնվեն, որպեսզի որոշումները կայացվեն արագ:

Lragir.am,
14-05-2021 19:18