Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում. Նիկոլ Փաշինյան

14-05-2021 19:29

Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Սև լճի տարածքում ադրբեջանական ուժերին հաջողվել է մինչև 3,5 կմ առաջանալ: Առաջին գործողությունը, որ արվել է ՊՆ, ԱԳՆ, կառավարության կողմից, իրադրության գնահատումն է, թե որն է իրականում ադրբեջանցիների նպատակը՝ այդտեղ հայտնվելու: Եվ այս իրադրության գնահատումից է կախված մեր գործողությունների հետագա ողջ ընթացքը: Մեր գնահատականը եղել է միանշանակ, որ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում: Այսինքն՝ սա լոկալ ակցիա չէ, մի բլուրի, մի լեռան վերաբերյալ: Եվ սա ապացուցող մի քանի փաստարկներ կան»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի՝ մի քանի տեղանքներում ևս փոքր նման գործողություններ են իրականացվել; Այդ տեղանքներում իրենց գտնվելը Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով՝ այդ տարածքները փորձելով ներկայացնել իբրև ադրբեջանական: Բայց իրենք էլ գիտեն, որ Ադրբեջանի տարածքում չեն գտնվում: Նա հիշեցրեց, որ դեռևս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը ՀՀ տարածքի նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի ու Նախիջևանի միջև: «Ինչպես ինքն  է հորջորջում՝ Զանգեզուրի միջանցքի տեսքով: Եվ հաջորդ կարևոր փաստարկը՝ եթե ուշադիր նայենք քարտեզին, կտեսնենք, որ Սև լիճը գտնվում է ՀՀ հարավային հատվածի ամենանեղ հատվածում, որտեղ Հայաստանի Արևելյան և Արևմտյան սահմանների միջև հեռավորությունը ամենաքիչն է բոլոր տեղանքներից: Ահա այս փաստերի արձանագրման բերումով է, որ մենք վերլուծելով իրավիճակը՝ որոշում ենք կայացրել գործի դնել ՀՀ անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները: Այսինքն՝ եթե այստեղ խնդիրը լիներ մի տեղանքի, մի բլուրի վերաբերյալ, Հայաստանի Զինված ուժերը ի վիճակի են արագ լուծել տեղային առոմով հարցը: Բայց քանի որ մեր վերլուծությունը ցույց է տվել, որ գործ ունենք մեծ հավանականությամբ ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել գործարկել ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմը»,- հավելեց նա:

Lragir.am,
14-05-2021 19:29