Դիմում-նամակ Էմանուել Մակրոնին

24-05-2021 18:00

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության Նորին Գերազանցության դեսպանին Հարգելի՛ պարոն Ժոնաթան Լաքոտ, Խնդրում ենք ընձեռնել հնարավորություն մեր այս դիմում-նամակը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին հասցնելու համար: Մեծարգո՛ պարոն Էմմանուել Մակրոն, Ֆրանսիայի Նախագահ, հայ ժողովրդի մե՜ծ բարեկամ: Դիմում ենք ձեզ Հայաստանի բնակչության, նաև աշխարհով մեկ սփռված հայերի անունից: Մեր Հայրենիքը վտանգված է և վտանգված ենք մենք: Մեզ դարերով կոտորում են մեր հայ և քրիստոնյա լինելու պատճառով: Մեր Հայրենիքը գնալով կրճատվում է, և մեզ վերջնական ուզում են ցեղասպանելով վտարել մեր Երկրից: Հայաստանի և հայության դեմ համախմբվել են Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը և այլ ուժեր: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սկսած պատերազմը ապացուցեց, որ մեզ այսօր էլ պատրաստ են ցեղասպանել մեր ազգային պատկանելության և քրիստոնյա լինելու պատճառով: Նաև, որ մենք միայնակ ենք մեր պայքարում: Ադրբեջանի Հանրապետությունը կանգ չառավ և ոտնձգեց Հայաստանի Հանրապետության տարածքների դեմ: Ադրբեջանի զինված ուժերը քանի օր է ներխուժել են Հայաստանի տարածք և մենք ի վիճակի չենք դրանց այդտեղից վտարելու, քանի որ կենթարկվենք հարձակման մեծաքանակ թուրք-ադրբեջանական զորքերի կողմից: Թուրքիան` մեր ցեղասպան ոխերիմ թշնամին, նպատակ է դրել Ադրբեջանին աջակցելու պատրվակով վերջնական բնաջնջել մեզ: Նախքան Արցախի դեմ պատերազմը Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը Սուրբ Սոֆիա տաճարը հռչակեց մզկիթ, ինչը խորհրդանիշ էր բռնազավթման միջոցով մուսուլմանացմանը: Հետո նրանք Ադրբեջանի հետ հարձակվեցին խաղաղ քրիստոնյա Արցախի Հանրապետության վրա և մենք ականատես եղանք, թե ինչպես են մեր եկեղեցիները պայթեցնում, վերացնում: Այսօր վտանգված է նաև Հայաստանի Հանրապետությունը: Մեր դաշնակից Ռուսաստանը ի վիճակի չէ միայնակ պաշտպանել մեզ մեր թշնամիներից կամ էլ շահագրգռված չէ: Մեզ մոտ շատ տագնապալի վիճակ է: 2020 թվականի այս պատերազմում շատ կորուստներ ունեցանք, շատ վիրավորներ, բազմաթիվ ռազմագերիներ, որոնց հրաժարվում է վերադարձնել Ադրբեջանի Հանրապետությունը: Մեկ հարյուրամյակից քիչ ավել ընթացքում մենք բազմաթիվ դժբախտությունների արժանացանք: 1915-1923թթ. ցեղասպանությունը, 1941-1945 թթ. Մեծ Հայրենական պատերազմը, 1988-1992 թթ. Բաքվում և Սումգայիթում հայերի կոտորածը, 1988թ. երկրաշարժը, արցախյան առաջին և երկրորդ պատերազմները բազմաթիվ կյանքեր խլեցին, բայց մենք շարունակում ենք արարել, ապրել և պայքարել: Դու՛ք կարող եք փրկել Հայաստանը: Փրկե՜ք, ինչպես փրկեցիք Հունաստանը: Մի՛ թույլ տվեք հերթական ցեղասպանությունը, և՛ մենք, և՛ մեր սերունդները, միշտ կհիշե՛նք դա: Մեծ հույսով և հարգանքով` հայեր: 24.05.2021թ. Տեսանյութը՝ a1plus-ի

Lragir.am,
24-05-2021 18:00