Փարիզում մեկնարկեց Փաշինյան-Մակրոն հանդիպումը

01-06-2021 15:31

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ելիսեյան պալատ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, վարչապետի պաշտոնակատարին դիմավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Արարողակարգային լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները լրատվամիջոցների հետ հանդիպմանը հանդես կգան հայտարարությամբ: Այնուհետև նախատեսված է աշխատանքային ճաշ Ֆրանսիայի նախագահի անունից:  Երկու երկրների ղեկավարների քննարկման առանցքում, ի թիվս այլ հարցերի, կլինեն Հայաստան֊Ադրբեջան սահմանի վերջին զարգացումները: Ելիսեյան պալատից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կուղևորվի Սենատ: Նիկոլ Փաշինյանը Սենատի նախագահի հետ հանդիպումից առաջ ծաղիկներ կխոնարհի վերջերս Փարիզում բացված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կիսանդրու մոտ՝ ի հիշատակ մեծանուն երաժիշտի: Սենատի նախագահի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կհյուրընկալվի Փարիզի քաղաքապետարանում: Այնտեղ նա կհանդիպի քաղաքապետ Ան Իդալգոյի հետ: Փարիզյան օրակարգը կսպառվի հայ համայնքի հետ հանդիպմամբ:

Lragir.am,
01-06-2021 15:31