Ամերիաբանկը թվային տրանսֆորմացիայի ակտիվ փուլում է. Արտյոմ Շամցյանը ներկայացրեց դրա առավելությունները

05-06-2021 18:39

Աշխարհում ավանդական բանկերն անցում են կատարում թվային բանկինգի, որը կարևոր ուղերձ է բոլոր հայկական բանկերի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը, որը Renderforest ընկերության գրասենյակում «Reinvent» (փոխակերպում) միջոցառման ժամանակ խոսել էր թվային ճարտարապետության մասին, թե որոնք են թվայնացման առանցքն ու հիմնական տարրերը: «Արդեն անունը «Reinvent» մեզ շատ մոտ է, որովհետև մենք ևս փոխակերպում ենք ամբողջ կազմակերպությունը: Թվային տրանսֆորմացիան հենց փոխակերպում է համարվում, այսինքն` ավանդական բանկերը վերափոխվում են թվային բանկինգի: Այդ փոխակերպումը, տրանսֆորմացիան մեզ համար շատ կարևոր ուղերձ է: Մենք ցանկանում էինք կիսվել, թե զարգացման որ փուլում ենք և նաև կապվել հայկական շուկայում ապրանքների մենեջերների և ծրագրավորողների հետ, ում նման ֆինանսական տեխնոլոգիաների ուղղությունը հետաքրքիր կլինի»,- ասաց Շամցյանը: Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ այն, թե ինչպես են աշխատում բարձր տեխնոլոգիական ոլորտի ծրագրերը, պետք է իմանալ՝ ինչ է նշանակում API-ը (կիրառական ծրագրավորման ինտերֆեյս) և այլն ու պետք է պատրաստել, սովորեցնել մարդկանց: «Չենք ակնկալում, որ եթե մարդն ունի լավ ֆինանսական գործունեության փորձ, պետք է հասկանա այդ տերմիները, բայց պատրաստ ենք այդ տրանսֆորմացիան նույնպես անել: Եվ մեր մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի այդ ստանդարտ, ֆինանսական գիտելիքներից և փորձից նաև անցնենք ֆինանսական տեխնոլոգիաների փորձին»,- ընդգծեց Շամցյանը: Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրենի խոսքով` բանկն ակտիվ փուլում է թվային բանկ դառնալու ճանապարհին: «Այս տարի հեռախոսի հավելվածի միջոցով թվային բանկինգը դուրս կգա շուկա և կանգնած կլինենք նոր թվային ճարտարապետության հիմքի վրա: Դրանից հետո էկոհամակարգի ծառայության մոտեցմամբ կսկսենք աճել»,- եզրափակեց Շամցյանը:

Lragir.am,
05-06-2021 18:39