Գեղարքունիքի ոստիկաններն ընտրակաշառք տալու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ

09-06-2021 18:39

Հունիսի 9-ին ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչները կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին բնամթերքի տեսքով կաշառք են տվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունիսի 8-ին այդ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղարի՝ Գավառում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին: Հունիսի 9-ի առավոտից սկսած՝ գրասենյակի քարտուղարը, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 դրամ արժողության: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կուսակցության գրասենյակի ղեկավարն ու քարտուղարը ձերբակալվել են: Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Lragir.am,
09-06-2021 18:39