ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

10-06-2021 17:34

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր շրջայց է կատարել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ծանոթացել բուհի գործունեությանը, ընթացող գործընթացներին, նախատեսվող  հեռանկարային զարգացման ծրագրերին, նյութատեխնիկական բազային, զրուցել դասախոսների և վարչական աշխատակիցների հետ: Բուհի ռեկտորի՝ Սոնա Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը նախ եղել է կոնսերվատորիայի բակային տարածքում, ծանոթացել այդ հատվածում   նախատեսվող բարեկարգման աշխատանքների նախագծին և տարածքի հնարավորություններին, որոնք կծառայեցվեն ուսանողների ստեղծագործական կարողությունների իրացմանը: Փոխնախարարն այցելել է նաև բուհի օպերային ստուդիա, ներկա եղել ընթացող փորձերին, ծանոթացել բեմական հատվածի և դահլիճի վիճակին, հարակից ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներին, լուսաձայնային տեխնիկայի հնարավորություններին: Բուհի ռեկտորի տեղեկացմամբ՝ այս  տարի ստուդիան հագեցվել է լուսային նոր տեխնիկայով, ինչպես նաև ամբողջովին փոխվել են բեմահարթակը, նվագախմբային փոսը, պորտալային կուլիսները: Նախատեսվում է նաև բեմական հանդերձանքի ամբողջական փոփոխում և հագեցում նոր՝ Led լուսավորությամբ: Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնում Կարեն Թռչունյանը ծանոթացել է գրադարանի  գիտական հավաքածուներին,  խոսել այդ եզակի գրականության թվայնացման աշխատանքների անհրաժեշտության մասին՝ այդ գործընթացները համարելով կարևոր և առաջնային: Այնուհետև Սոնա Հովհաննիսյանը փոխնախարարին ներկայացրել է ուսանողների հավաքչական  աշխատանքները՝ ձայնագրությունները, նյութերը, որոնք նոտագրվելուց հետո հրատարակվում են առանձին գրքով՝ գիտական աղբյուր հանդիսանալով բազմաթիվ ստեղծագործող անհատների և ստեղծագործական խմբերի համար: Կարեն Թռչունյանը եղել է նաև բուհի «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայում», որը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: Ռեկտորի տեղեկացմամբ՝ լաբորատորիայի ստեղծման պատմությունը սկսվել է 2017 թվականի դեկտեմբերից, երբ «Կրթության բարելավում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում մեկնարկել էր «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան» այժմ գործում է շատ ակտիվ. այստեղ բոլոր ուսումնառողների համար անցկացվում են «Երաժշտական կատարողական արվեստ» մագիստրոսական ծրագրով նախատեսված դասընթաց: Ուսանողները գործնական պարապմունքների միջոցով զարգացնում են հնչողության տեմբրային որակների հմտությունները և տեխնիկական կարողությունները: Բացի դրանից՝ լաբորատորիան ծառայում է որպես համերգասրահ, ինչպես նաև այստեղ անցկացվում են շնորհանդեսներ, գիտաժողովներ, հանդիպումներ արվեստագետների հետ, վարպետության դասեր: Նախարարի տեղակալը ծանոթացել է նաև որակի ապահովման կենտրոնի գործունեությանը և քննարկել մի շարք հարցեր այդ ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի` բուհեր այցելությունները կլինեն շարունակական: ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Lragir.am,
10-06-2021 17:34