Արթուր Դավթյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը

10-06-2021 18:33

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 10-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Օուեն Մերֆիին և  առաքելության իրավական հարցերով վերլուծաբան Սվետլանա Չետայկինային, տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը՝ մեր երկրի համար բացառիկ կարևորության առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների դիտարկման գործընթացներն արդեն տևական ժամանակ իրականացնելու կապակցությամբ:  «Նա նշել է, որ բազմափորձ դիտորդական խմբի անաչառ ներգրավվածությունն ընտրությունների ընթացքի վերահսկելիության բարձր մակարակի ապահովման կարևոր նախադրյալներից է: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ՀՀ դատախազության նախաձեռնողականությամբ իրավապահ մարմինները, առաջնորդվելով քաղաքական զսպվածության և բացարձակ անաչառության սկզբունքով, մոբիլիզացրել են անհրաժեշտ բոլոր ռեսուսները՝ ինչպես ընտրարշավի, այնպես էլ բուն քվեարկության օրը, նաև հետընտրական շրջանում գործընթացների օրինականությունն ապահովելու, քաղաքացիների, ընտրությունների մասնակից ուժերի, այլ սուբյեկտների իրավունքները պաշտպանելու նպատակով: Գլխավոր դատախազը հավաստիացրել է, որ լիարժեք անհանդուրժողականություն է դրսևորվելու ընտրական հանցավոր ցանկացած դրսևորման նկատմամբ, և այս հարցում լիարժեք հավասարություն է լինելու բոլոր մասնակիցների նկատմամբ՝ անկախ նրանից՝ քաղաքական որ բևեռն են ներկայացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ դիտորդական խմբի ներկայացուիցչներին տեղեկացվել է այդ նպատակով գլխավոր դատախազության կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքների մասին, այդ շրջանակում ներկայացվել է հնարավոր ընտրական խախտումների վերաբերյալ հրապարակումների, հաղորդումների և ահազանգերի գրանցման, հաշվառման, դրանց ստուգման, նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության միասնականության ապահովման նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ընթացիկ արդյունքները, ընտրությունների ընթացքում քրեական օրենքով արգելված արարքների, դրանց համար նախատեսված պատիժների վերաբերյալ հանրության իրազեկվածությունն ապահովելու նպատակով իրականացված միջոցառումները: ՀՀ դատախազությունից հայտնում են, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության խմբի ղեկավարը նշել է, որ երկարաժամկետ դիտորդներն ուշիուշով հետևում են նախընտրական գործընթացներին, իսկ քվեարկության նախօրեին Հայաստան կժամանի նաև կարճաժամկետ դիտորդների մեծաթիվ խումբը, և հանրապետության ողջ տարածքի ընդգրկմամբ կիրականացվի դիտարկում:  Յոհան Մերֆին հավելել է, որ COVID19-ով պայմանավորված գլոբալ սահմանափակումներ մտցվելուց հետո առաջին անգամ են որևէ երկրում կարճաժամկետ դիտորդներ տեղակայում, ինչը վկայում է, թե որքան լուրջ է մոտենում առաքելությունը Հայաստանում սպասվող ընտրություններին: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են ՀՀ քրեական օրենսգրքում կատարված բարեփոխումներին, քաղաքացիների հանցավոր արարքներից զերծ պահելուն ուղղված իրազեկման աշխատանքներին, գրանցված առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով կատարվող ստուգողական աշխատանքների, քննությունների ընթացիկ դրությանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այսօր իրավապահ մարմիններն ընտրական հանցագործությունների հակազդման շատ ավելի լայն գործիքակազմ ունեն: ՀՀ քրեական օրենսգրքում ընտրական հանցագործությունների զգալի մասի սանկցիաների խստացմամբ նախկինում միջին ծանրության համարվող հանցավոր արարքները դարձան ծանր, ինչը հնարավորություն է տալիս հանցագործությունների լիարժեք բացահայտման համար կիրառել օպերատիվ-հետախուզական միջոցառումների ավելի լայն գործիքակազմ: Ընտրություններից առաջ քրեական օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով քրեականացվել են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու, ընտրատեղամասում կամ դրա հարակից շրջանում բռնություններ կիրառելու կամ նման սպառնալիքներ տալու արարքները, որոնք կարևոր են ընտրարշավների և բուն քվեարկության բնականոն, անվտանգ ընթացքն ապահովելու  տեսանկյունից: Հանդիպման ընթացում երկուստեք պատրաստակամություն է հայտնվել իրենց իրավասությունների սահմաններում օպերատիվ տեղեկատվության փոխանակման շուրջ: Ընդգծվել է, որ ինչպես ընտրական մյուս սուբյեկտներին, այնպես էլ դիտորդական առաքելություններին դատախազությունը մոտնում է որպես գործընկերների, և պատրաստ է լայն համագործակցության՝ օրինական, թափանցիկ և լեգիտիմ ընտրությունների անցկացումը երաշխավորելու նպատակով:

Lragir.am,
10-06-2021 18:33