Ո՞վ է այս «հանճարեղ քաղաքական որոշման» հեղինակը

Նախընտրական շրջանը Հայաստանում մի կարեւոր խնդիր է առաջացրել, որի «լուծումն»  առանց իստիտուցիոնալ ձեւակերպման կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Խոսքը Արցախում գրանցում ունեցող, սակայն փաստաթղթերով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող անձանց՝ ընտրություններին մասնակցելու մասին է: Մինչեւ հիմա չգրված օրենքով Արցախում գրանցվածներն ընտրում էին Արցախի իշխանություններին: Սակայն պատերազմից հետո, երբ Արցախի տարածքների մի մասը զավթվեց, տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված տեղափոխվեցին Հայաստան: Քաշաթաղում եւ Քարվաճառում բնակվող մարդկանց մեծ մասը՝ 90-ականների սկզբից Հաայստանից տեղափոխված անձինքն են: Նրանք վերադարձել են իրենց նախկին բնակավայրերը եւ արդարացիորեն համարում են, որ իրավունք ունեն քվեարկելու Հայաստանում: Նույնն այն մարդիկ, որոնք նախկին ԼՂԻՄ տարածքից են տեղահանվել եւ բնակվում են Հայաստանում: Այդ քաղաքացիները դիմել են ոստիկանություն, պահանջելով գրանցել իրենց ընտրողների ռեգիստրում: ՀՀ Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողներն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ լիազոր մարմին ներկայացնում են դիմում` ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք: Սկզբից ոստիկանությունը հրաժարվում էր գրանցել, նախկինի պես ասելով, որ դուք Արցախում եք իշխանություն ընտրում, հետո, հունիսի 3-ին, քաղաքական որոշում ընդունվեց գրանցել՝ շառից-փորձանքից հեռու: Որոշ ուժեր, օգտվելով այդ հանգամանքից, կոչ արեցին Արցախում գրանցված բոլոր անձանց ստանալ Հայաստանում ընտրելու իրավունք: Սկսվեց դիմումների տարափ, եւ նորից որոշում ընդունվեց բոլորին չգրանցել: Ճիշտ է, պարզ չէ, թե ինչ սկզբունքով են մերժում, բայց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասում է, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ապօրինաբար մեկ դեպքում Արցախից ժամանած քաղաքացիներին տրամադրում է տեղեկանք՝ ընտրություններին մասնակցելու համար, իսկ մեկ էլ դեպքում պարզապես մերժում են: Արցախում գրանցված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների իրացումը պահանջում է ոչ թե նման կամայականություն, այլ ինստիտուցիոնալ լուծումներ: Կամ Երեւանը պետք է ճանաչի Արցախը Հայաստանի մաս, ու այդ հարցը կհանվի: Կամ պետք է քաղաքացիության մասին օրենքում փոփոխություն մտցնել: Կամ էլ պարզապես ղեկավարվել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումով, որը հռչակել է Հայաստանի եւ Արցախի վերամիավորումը: Ինչ վերաբերում է ներկայիս կցկտուր «քաղաքական որոշմանը», ապա այն լուրջ հարցեր է առաջացնում: Արդյոք այն անձինք, ովքեր կմասնակցեն Հայաստանի խորհրդարանի ընտրությանը, իրավունք կունենան մասնակցել արցախյան ընտրություններին: Եւ արդյոք այս ամենը նրա համար չի արվում, որ իմաստազրկվեն ընտրությունները Արցախում: Դա լիովին համապատասխանում է Լավրովի պլանին՝ Արցախը վերածել գորշ տարածքի, որտեղ գլխավորը կլինի գեներալ Մուրադովը: Իսկ եթե մարդիկ ուզում են քվեարկել, թող դուրս գան Արցախի գրանցումից եւ Երեւանում քվեարկեն: Ո՞վ է հանճարեղ «քաղաքական որոշման» հեղինակը: Նրա «դուխը» չի՞ հերիքում ճանաչել Արցախը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
10-06-2021 19:45