Եթե տնտեսությունը շարունակի վերջին երկու ամիսների տեմպը, կարծում եմ հաջորդ տարվա սկզբին կարող ենք հայտարարել, որ հաղթահարել ենք տնտեսական ճգնաժամը

Մեր զրուցակիցն է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը  Պարոն Թունյան, ԿԲ նախագահը հայտարարում է, որ տնտեսությունը սկսում է շնչել, բայց դժվար է ասել՝ մարդիկ նախընտրո՞ւմ են ներդրումներ անել: Ըստ էության՝ Հայաստանը հեղափոխությունից հետո էլ ներդրումների համար գրավիչ չդարձավ: Ինչով եք դա բացատրում: Հայաստանում ներդրումային միջավայրը գրավիչ դարձավ, թե չդարձավ, դա մի քիչ սուբյեկտիվ ընկալումների հարց է: Իմ կարծիքով, մենք հեղափոխությունից հետո ամեն ինչ արել ենք, որպեսզի Հայաստանը ներդրողների համար գրավիչ դառնա՝ թե հարկային օրենսդրության, թե մրցակցային միջավայրի, թե կոռուպցիան արմատախիլ անելու, թե մնացած առումներով, ուղղակի 2020-ին տեղի ունեցան իրադարձություններ, որոնք թույլ չտվեցին հասկանալ, թե որքանով է Հայաստանը գրավիչ ներդրումների համար: Շատ ներդրումային ծրագրեր ուղղակի սառեցվեցին: Հույս ունենանք, որ այս տարի կունենանք վերականգնում: Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը հսկայական ներդրումներ է բերել Հայաստանին: Ավելին՝ մեղադրել է ձեզ Հայաստանում ներդրումների բացակայության մեջ: Ինչպես եք արձագանքում այս հայտարարությանը: Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին մանրամասն չեմ ուզում անդրադառնալ, եթե առիթը լինի դեբատների իրենց թիմի ներկայացուցիչների հետ, համ իրենց մեղադրանքներին կպատասխանեմ, համ ինքս հարցեր կտամ: Միայն ասեմ, որ «գույք պարտքի դիմաց» ծրագրով եթե հայտարարում է, որ եղել են խոշոր ներդրումներ, ապա ձեզ որպես լրագրող կխնդրեի հետաքրքրվել, թե որ ընկերություններն են տրվել այդ ծրագրով եւ մի փոքր լրագրողական հետաքննություն անցկացնել, տեսնել, թե այդ ընկերություններն ինչ վիճակում են հիմա: Տնտեսական զարգացման 7,6% անկում է գրանցվել: Ինչո՞վ է սա պայմանավորված, եւ երբ կկարողանանք հաղթահարել ճգնաժամը, դուրս գալ զարգացման նախաճգնաժամային վիճակին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 7,6 տոկոս տնտեսական անկումը տեղի է ունեցել կորոնովիրուսի հետեւանքով եւ աշխարհի բոլոր երկրներն ունեցել են տնտեսական անկում: Մեր դեպքում դժվարությունները խորացել են նաեւ պատերազմական գործողությունների հետեւանքով: Երբ կարող ենք հետ վերադառնալ նախաճգնաժամային վիճակին՝ եթե տնտեսությունը շարունակի այն տեմպերը ցուցաբերել, ինչ վերջին երկու ամիսներին, ապա կարծում եմ, որ հաջորդ տարվա սկզբին արդեն կարող ենք հայտարարել, որ լիարժեք հաղթահարել ենք տնտեսական ճգնաժամը: Հրանտ Բագրատյանն այսօր հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի օրոք ՀՀ տնտեսությունն աճել է 23 տոկոսով, իսկ այս իշխանության օրոք՝ 5.2 տոկոսով, որ գործող իշխանության օրոք տնտեսական աճ չի լինելու: Հրանտ Բագրատյանը շատ հետաքրքիր մեթոդաբանություն է աշխատեցնում եւ Սերժ Սարգսյանի 10 տարվա տնտեսական աճը համեմատում է Նիկոլ Փաշինյանի կառավարության 2 տարվա տնտեսական աճի հետ: Եթե անգամ այդ տրամաբանությամբ հաշվենք, ապա եթե 10 տարում 23 տոկոս աճ է եղել, իսկ երկու տարում՝ 5 տոկոս, ապա մեզ մոտ 10 տարում ստացվում է 25 տոկոս աճ: Բայց այս գնահատականն ընդհանրապես մասնագիտական մեկնաբանության կարիք էլ չունի, այնպես որ դուք կարող եք պարոն Բագրատյանին հարցնել, թե ինչպես է այդ գնահատականն ստացել:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
10-06-2021 20:15